Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Պուտինը նշել է, որ չնայած օբյեկտիվ խնդիրներին՝ երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ են զարգանում: 

ԱՄՆ Ջորջիա նահանգի սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլը հռչակել Ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման ամիս։ Այսպիսով Ջորջիան դարձավ ԱՄՆ 43–րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Արարատի մարզում ողբերգական վթարի հետեւանքով պայմանագրային երեք զինծառայող է զոհվել, երկուսն էլ ծանր վիճակում հոսպիտալացվել են: Ուշ գիշերին զորամասից տուն ուղեւորվող զինծառայողների «Օփելը » դեռեւս չպարզված հանգամանքներում  ընկել է ձորը: Զոհերից երկուսը Արարատի մարզից էին, մեկը՝ Արմավիրից: Ընդ որում, երկու վիրավորները մահացածներից մեկի՝  29-ամյա Ռուսլան Հարությունյանի հարազատ եղբայրներն են: Վթարի մյուս զոհը՝ 35-ամյա Վահան Ղուկասյանը, մանկահասակ երեխայի հայր էր: Մեքենայի 32-ամյա վարորդը՝ Կարեն Կարապետյանը, նույնպես երկու մանկահասակ երեխա ուներ:

Պետական եկամուտների կոմիտեի նոր ղեկավարի սեփական եկամուտները կասկածներ են առաջացրել լրագրողների մոտ: Որտեղից է Հովհաննես Հովսեփյանը մեկ տարում ձեռք բերել իր հայտարարագրած 190 հազար դոլարը: Հովսեփյանը բացատրել է՝ Ռուսաստանում բնակվող եղբայրն է նվիրել:

Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները կէժանանան: Կառավարությունը հաստատել է հարկային փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների վրայից հանել 20 տոկոս ավելացված արժեքի հարկը: Խոսքը, սակայն, միայն ֆիզիկական անձանց կողմից ներկրվող մեքենաների մասին է, ընդ որում՝ տարեկան միայն մեկ անգամ:

Հայաստանում այսպես կոչված «գոլդ համարանիշերի» նկատմամբ սերը չի մարում: Չնայած  գոլդ եւ սուպերգոլդ համարանիշերի տուրքը մինչեւ 8 մլն դրամ է, պահանջարկն այնքան մեծ է , որ ոստիկանությունը որոշել է պետհամարանիշերի նոր շարք  բացել՝ G եւ X տառերով: Նման տեմպերով լատինական այբուբենի տառերը շուտով կսպառվեն:

Մոսկվայում իր խնամքին հանձնված երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակին տեղափոխել են հոգեբուժարան։ Իսկ Ուզբեկստանում ձերբակալել են նրա քաղաքացիական ամուսնուն Սուհրոբ Մումինովին, և հարևանուհուն: Կասկածներ կան, որ հենց նրանց հրահրմամբ է 39-ամյա Գյուլչեխրան նման հրեշավոր սպանություն գործել։

Էջմիածին քաղաքում 52-ամյա կնոջ մարմինը գտել են իրենց տան բակի ջրհորում: Հարազատներն ասում են ՝ տիկին Զոյան ինքնասպան է եղել՝ նետվելով ջրհորը: Հոգեկան խնդիրներ ունեցող կինը մինչեւ այդ էլ էր նման փորձ արել: Վաղ առավոտյան նա ամուսնուն ասել է, թե զուգարան է գնում, երկար ժամանակ տուն չի եկել, փնտրելուց հետո հարազատները նրան գտել են ջրհորում:

Գոռ Վարդանյանին այսօր բերման են ենթարկել առաջին ատյանի դատարան: Նախորդ նիստին դերասանը չէր ներկայացել, ու չնայած փաստաբանն ասում էր, վատառողջ է, դատավորը  նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Դերասանը պնդում է, որ իր ֆեդերացիայում հայտնաբերված զինամթերքը ֆիլմ նկարելու համար էր բերել:

Ազգային ժողովի մոտից բերման են ենթարկվել 13 ակտիվիստներ: Նրանք իրենց ձեռքերը կապել էին շենքը պարսպող ճաղավանդակին՝ այդ կերպ բողոքելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության դեմ:

Կենդանասերները բացահայտել են «Յունիգրաֆ-Իքսի» կեղծիքը: Նախորդ օրը ցուցադրաբար բաց թողնված 40 շներից առնվազն 7-ն իրականում ստերջացված չեն եղել, ինչպես պնդում էր «Յունիգրաֆը»: Ակտիվիստների նախաձեռնությամբ նրանց այսօր վիրահատել են ու պարզել, որ շներից մեկը հղի է, մյուսների վրա էլ թեեւ վիրահատական հետքեր կան, սակայն նրանք ստերջացված չեն: Մնում է պարզել, ուր են գնում այն գումարները, որոնք քաղաքապետարանը տրամադրում է «Յունիգրաֆին» թափառող շներին ստերջացնելու համար:

Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ: ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 490, ռուբլունը՝  6.93, եվրոյինը  538,  ֆունտինը 697 դրամ։

Հայաստանի տարածքում այս  գիշեր տեղումներ չեն լինի, իսկ  օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, նաև մայրաքաղաքում սպասվում է կարճատեւ անձրեւ:    Այս գիշեր Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +6-ի , իսկ վաղը ցերեկը՝ +18-ի: