Ապրիլի 5-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ՊԲ 29 զինծառայող: 101 զինծառայող էլ վիրավորվել է: Այդ մասին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում հայտարարել է Արցախի ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Զոհված զինծառայողներից 7-ը սպաներ են:
Ադրբեջանի զինտեխնիկայի կորուստներն են՝ մոտ երեք տասնյակ տանկ, 2 ուղղաթիռ, 4 հետեւակի մարտական մեքենա, 12 անօդաչու սարք եւ մեկ «Գրադ» կայանք:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ներկայացրել է շփման գծում այս պահին տիրող իրավիճակը: Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, բայց կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: Բայց ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է: Տոնոյանը նաեւ վստահեցրել է, որ ադրբեջանական կողմն այս պահին հայկական որեւէ հենակետ չի վերահսկում։
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա։ Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված, կողմերին կոչ է արել շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը:
ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումը, Երեւանի փոխարեն, կկայանա Մոսկվայում: Բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ նախատեսված պաշտոնական այցը Երեւան չի հետաձգվի: Ապրիլի 7-ին նա կժամանի Երեւան, իսկ 8-ին կմեկնի Բաքու:
NEWS.am-ի հատուկ թղթակիցը շարունակում է աշխատանքը Արցախի թեժ կետերում: Այսօր նա եղել է Մարտունիում, զրուցել բնակիչների հետ եւ այցելել այն դպրոց, որը գնդակոծվել էր ապրիլի 2-ի առավոտյան:











