Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի կեսօրին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Ապրիլի 2-ից 5-ը շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն առանձնացել է աննախադեպ բարբարոսական գործողություններով խաղաղ բնակչության հանդեպ:

Բախումների ժամանակ Արցախի ՊԲ զինվորները առերեսվել են արաբերեն, թուրքերեն խոսողների հետ եւ նրանց համազգեստը տարբերվել է: Հիմք ունենք պնդելու, որ դրանք ԻՊ-ի ահաբեկիչներ են։ Այդ մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Արցախի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում բնակչությունը գրեթե դատարկված է եւ այդ գրոհայինները այնտեղ մասսայական թալան են իրականացնում, եղել են նաեւ բախումներ այնտեղ մնացած բնակչության հետ, բռնաբարության դեպքեր, սպանության դեպքեր: Եվ սա բնական է, որովհետեւ ահաբեկիչները եւ վարձկանները ոչ օրենքի, ոչ բարոյական նորմերի հանդեպ հարգանք չունեն, նրանք զուրկ են այդպիսի բարոյական նորմերից: Մանավանդ որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել է բազմաթիվ վարձկաններ եւ ահաբեկիչներ՝ «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, չեչեն գրոհայինների, Ալ Քաիդայի գրոհայինների:

ՀՀ ՊՆ-ի հրապարակած լուսանկարներում Արցախի բնակավայրերի վրա ադրբեջանական կողմից արձակված «Սմերչ»-ի հրթիռներն են, որոնք ունեն կասետային մարտական մաս, և հակառակորդը նպատակ է ունեցել կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։

Թշնամին այդ զինատեսակը կիրառել է շփման գծի եւ հարավային, եւ հյուսիսային հատվածներում։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։

Խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումն արգելված է միջազգային իրավունքով։