Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ապրիլի 1-ից 6-ն Արցախի պաշտպանության բանակն ունի 36 զոհ, 122 վիրավոր: Նախորդ օրվա համեմատ՝ թվերի տարբերության պատճառն այն է, որ մարտադաշտում հայտնաբերվել է չորս զինծառայողի դի, եւս մեկ զինծառայողի ողջ են գտել։ Այս պահի դրությամբ՝ հայկական կողմն ունի 21 անհետ կորած։
ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է ստանում 32 վիրավոր: Մնացածը հանրապետության կայազորային հոսպիտալներում են: 5 վիրավորների վիճակը ծանր է:
Անցած օրվա ընթացքում շփման գծում լարվածությունը բավական նվազել է։ Առանձին ուղղություններով նկատվել են հրաձգային զենքից հրադադարի խախտման դեպքեր, հյուսիսային հատվածում վիրավորում է ստացել մեկ զինծառայող։ Հայկական կողմը Աղդամի ուղղությամբ ոչնչացրել է հակառակորդի մեկ անօդաչու սարք։ Հակառակորդի զոհերի եւ կորուստների մասին Ստեփանակերտն այս պահին վերջնական տվյալ չի հաղորդում, բայց նշում է, որ դրանք մի քանի անգամ մեծ են:
Արցախի նախագահը համաձայն չէ բոլոր նրանց հետ, որոնք ղարաբաղյան հիմնախնդիրը որակում են որպես տարածքային հիմնախնդիր: Այդ մասին Բակո Սահակյանը հայտարարել է Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում: Արցախի նախագահը հիշեցրել է՝ հիմնախնդիրը ծագել է մեկ դար առաջ՝ նպատակը պատմական արդարությունը վերականգնելն է, պայքարը հայրենի երկրի, հայ ժողովրդի արժանապատվության համար է։ Բակո Սահակյանը ընդգծել է՝ առանց բանակցային գործընթացին Արցախի մասնակցությամբ հիմնախնդիրը չի կարող ունենալ համապարփակ լուծում:
Այսօր Արցախ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը եւ Պիեռ Անդրյուն: Պաշտպանության բանակի շտաբում նրանց ընդունել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Արցախյան կողմը համանախագահներին ներկայացրել է անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի եւ խաղաղ բնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:
Երեւան է ժամանել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի նման պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ օգտագործել իր ազդեցությունը:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Մեդվեդեւի եւ Աբրահամյանի հանդիպմանը չի պատասխանել. «Եթե նրանք գնելու հնարավորություն ունեն, նրանք միեւնույնն է, կգնեն, եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից», լրագրողներին բացատրել է Հովիկ Աբրահամյանը:
Հիմա գլխավոր խնդիրը նորից բռնության պոռթկում թույլ չտալն է` Բաքվում Ալիեի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը նաեւ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման համար առկա են կոնկրետ առաջարկներ, որոնք, նրա խոսքով, թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ՝ տարածքների վերադարձի միջոցով՝ միաժամանակ լուծելով ԼՂ կարգավիճակի հարցը:
Ինչ առաջարկներ նկատի ուներ ՌԴ ԱԳ նախարարը: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը կարծում է՝ 2011թ. Կազանում կողմերին ներկայացված փաստաթուղթը, որը Ադրբեջանը վերջին պահին մերժեց։
Ապրիլի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Լավրովը հանդիպելու է Հայաստանի ԱԳ նախարարին











