Նախօրեին Արցախ ժամանած Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ համատեղ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ, քննարկել բանակաշինությանն առնչվող հարցեր:  Այսօր երկու նախագահներն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին, ավելի ուշ այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների՝  ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Դուք հերթական անգամ ցույց տվեցիք՝ ով է հայ զինվորը՝ զինվորներին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հակառակորդը շարունակել է խախտել հրադադարը եւ Արցախի հետ շփման գծում, եւ Հայաստանի հետ սահմանին: Առավոտյան ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Գեւորգ Գեւորգյանը: Նա Լոռու մարզի Աքորիի գյուղից է, անապահով ընտանիքից, զորակոչվել էր մեկ տարի առաջ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ապրիլի 11-ին հայտնաբերված հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին կհանձնվի ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ին։ Գործընթացը կիրականացվի Կարմիր խաչի միջնորդությամբ:

 ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանից առաջ եւ դրա ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին հստակ փաստեր։ Հայ պատվիրակներն իրենց ելույթներում եւ տարածած նյութերում անդրադարձել են հայ զինվորների մարմինների խոշտանգումներին, խաղաղ բնակիչների դեմ ռազմական հանցագործություններին, ինչպես նաեւ շեշտել ադրբեջանցիների ռազմական գործողությունների կապը ահաբեկիչների հետ եւ պահանջել, որ Ադրբեջանը դատապարտվի եւ պատժվի միջազգային օրենքներով

Գալուստ Սահակյանն այսօր մեկնաբանել է վերջին իրադարձություննների ֆոնին հասարակության շրջանում հնչող քննադատությունները , թե կոռուպցիայի և ֆինանսական  չարաշահումների պատճառով է, որ բանակն այսօր զենք չունի: Ինչ իրավական հետևանքներ կունենա ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի  անվան շուրջ օֆշորային սկանդալը, որը ավարտվեց նրա հրաժարականով: Գալուստ Սահակյանը լրագրողների այս հարցը ըստ երևույթին չի հասկացել:

Ապրիլի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների գլխավոր թեման կլինի ղարաբաղյան հակամարտության գոտու վերջին լարվածությունը:

Իսկ ապրիլի 25-ին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը:  Բան Կի Մունը Հայաստանում կայցելի մեկ օր,  ապա կայցելի Ադրբեջան և Վրաստան

Հրապարակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած տաքսիստի լուսանկարը: Հայտնի են դարձել որոշ մանրամասներ: 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որը նախօրեին ձերբակալվել էր Երեւանի Մանանդյան փողոցում գտնվող իր տանը, խոստովանական ցուցմունք է տվել: Կասկածյալի հայրն ասել է, որ որդին տառապում է շիզոֆրենիայով, եւ պնդել, որ նա պետք է անմեղսունակ ճանաչվի:

Երեւանում այսօր «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով երթ է անցկացվել: Մասնակիցները նամակներ են հանձնել Հայաստանի արտգործնախարարությանը եւ Ռուսաստանի դեսպանությանը՝  պահանջով, որ փոխվի չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի պատժամիջոցը, քանի որ Հայրապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ նրա կյանքին վտանգէ  սպառնում ընդհանուր ռեժիմի բանտում

 2016թ. Պուլիցերյան մրցանակը շնորհվել է ամերիկահայ բանաստեղծ Փիթեր Բալաքյանին: Համաշխարհային գրականության ամենահեղինակավոր մրցանակին Բալաքյանն արժանացել է Հայոց ցեղասպանության մասին «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների ժողովածուի համար

Դոլարը շարունակում է էժանանալ, իսկ եվրոն, ռուբլին ու ֆունտը թանկացել են: Ապրիլի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481, ռուբլունը 7.13 եվրոյինը՝ 545, ֆունտինը՝ 690 դրամ: 

Հայաստանի տարածքում ապրիլի 20ից 21-ը օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Առաջիկա գիշերը Երևանում կլինի մինչև10, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +25 աստիճան տաքություն։