Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստան չի ժամանի. մրսել է եւ բուժում է ստանում։ Հոկտեմբերի 14-ին նա Երեւանում պետք է մասնակցեր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայկական կողմին տեղեկացվել է, որ Ղազախստանը կներկայացնի երկրի վարչապետը։ Հավելենք, որ նիստին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Արդեն Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նրան այսօր ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նշենք, որ հոկտեմբերի 14-ին նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության նիստի ընթացքում կառույցի նախագահությունը Հայաստանից փոխանցվելու է Բելառուսին, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը։ Շաբաթներ առաջ համառ լուրեր էին պտտվում, որ այդ պաշտոնում նշանակվելու է Սեյրան Օհանյանը, սակայն վերջինը հերքեց դա։

Հիմա արդեն մամուլի հրապարակումներում նշվում են Անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունները։

Հայկական ԱԷԿ-ի պլանային անջատումը կտեւի մինչեւ նոյեմբերի 26-ը։ 67-օրյա դադարի ընթացքում ռեակտորային համակարգի ամբողջական զննում կկատարվի: ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կատարվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 մլն դոլարի դրամաշնորհի եւ 270 մլն դոլարի վարկային գծի շրջանակում: Էներգաբլոկի գործողության ժամկետը կերկարացվի 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտին հասցնել նոր էներգաբլոկի շինարարությունը:

«Բարգավաճ Հայաստանն» ապացույցներ ունի, որ Վանաձորի ավագանու առաջին նիստում քաղաքապետի ընտրության ժամանակ, ըստ ընդդիմության համաձայնության, քվեարկել է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին։ Վահե Էնֆիաջյանն այսօր մանրամասներ է ներկայացրել: 

Հանրապետական Գագիկ Մելիքյանն էլ կարծում է, որ Վանաձորում «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածննդի» կազմած դաշինքն ի սկզբանե մեռելածին էր: Ասում է՝ ընդհանուր գաղափարական հենք չունեցող եւ միայն քաղաքապետ ընտրելու համար ձեւավորված միությունը չէր կարող գոյատեւել:

Վերադառնալով Վանաձորի ավագանու թեմային. ավագանու նիստերը բոյկոտելու մասին «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի որոշմանը միացել է նաեւ «Հայկական վերածնունդ»-ը:

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է։ Նա չի հրաժարվելու պատգամավորական մանդատից: Այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ իր որոշման վրա ազդել են հազարավոր քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի գործընկերների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության պահանջը։ Ուրիխանյանն Ազգային ժողովի նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 4-ին: Սակայն օրենսդրությամբ պատգամավորն իրավունք ունի 15 աշխատանքային օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը, ինչն էլ արել է Ուրիխանյանը:

Հերթական փոփոխությունը գործադիրում։ Վարչապետի որոշմամբ՝ Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար։ Նշենք, որ այդ պաշտոնին հրաժեշտ է տվել կառավարության հնաբնակներից մեկը՝ Պավել Սաֆարյանը։ Նա փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր դեռեւս 1990-ական թվականներից։

Զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է։ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 27-ամյա Գրիգորյանն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր: Ամուսնացած էր, 8 ամսական դուստր ունի։

Այսօր առավոտյան Կիեւյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինքնությունը պարզվել է. նա Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ է։ Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Մարմնի մոտ անձնագիր, բջջային հեռախոս են գտել, որում հայտնաբերված SMS հաղորդագրության մեջ երիտասարդը խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր դժբախտությունների մեջ եւ ներողություն խնդրել՝ հույսերը չարդարացնելու համար։

Հոկտեմբերի 12-ին դոլարի փոխարժեքը շարունակել է աճել, եվրոյինը՝ նվազել։ Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոյինը՝ 524, ռուբլունը՝ 7 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 583 դրամ։

Հոկտեմբերի 13-ին հանրապետության որոշ հատվածներում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, ինչպես նաեւ Արցախում հնարավոր է թույլ անձրեւ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: