2016 թվականին Հայկական ԱԷԿ-ի պլանային անջատումը կտեւի 67 օր՝ սեպտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 26-ը: Հոկտեմբերի 12-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Հայկական ԱԷԿ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, որը մասնակցում է ԱՊՀ-ի խաղաղ ատոմի օգտագործման հարցերի հանձնաժողովի նիստին:

Նրա խոսքով՝ այդ 67 օրվա ընթացքում նախատեսվում է ռեակտորային համակարգի ամբողջական՝ 100%-անոց զննում կատարել:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ են տարվում Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 մլն դոլարի դրամաշնորհի եւ 270 մլն դոլարի վարկային գծի շրջանակում: Էներգաբլոկի գործողության ժամկետը կերկարացվի 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտին հասցնել նոր էներգաբլոկի շինարարությունը: