Ռուսաստանը տապալեց Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովը հօգուտ նրա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չվիրավորվեն հանկարծ, թե ինչու եք այստեղ հավաքվել: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում վերջերս Լեւոն Տեր Պետրոսյանի արած հայտարարությունը, թե Հայաստանին մոտ ժամանակներում դեֆոլտ է սպասվում: Արդյոք այն կապ ունի՞ ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի տապալման հետ:

Ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունը կապված է քաղաքական իրավիճակի հետ, որովհետեւ վերջին տարիներին կարծես թե ինչ-որ համագործակցություն կար գործող նախագահի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Այդ ֆոնին հետաքրքիր էր, թե ինչու նման քննադատությամբ հանդես եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պատահական չէ, որ ավելի շատ խոսվում է ոչ թե բուն դեֆոլտի մասին, որքան այն մասին, թե ինչու եղավ այդ հայտարարությունը: Երբ հետո արդեն ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձեց բացատրություններ տալ, պարզվեց, որ դա իսկապես ներքին քաղաքական իրավիճակի հետ է կապված:

Մյուս կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին նույնպես ասել էր, որ դրամը կարժեզրկվի, ու հենց այդ պատճառով այս հայտարարությունը ավելի լուրջ է ընդունվում, բայց հիմա մասնագետներն ասում են, որ դեֆոլտի վտանգ չկա: Ավել բան այս հայտարարության մեջ ես չեմ տեսնում:

Ինչո՞վ եք բացատրում փաստը, որ այս ամիս Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում այդպես էլ չնշանակվեց կազմակերպության նոր գլխավոր քարտուղար, որը պետք է Հայաստանից լիներ: Նաեւ գնահատեք Ղարաբաղի վերաբերյալ ՀԱՊԿ կողմից ընդունված հայտարարությունը:

Այս անգամ ես նկատեցի, որ արձագանքները, գնահատականները բավականին ռացիոնալ էին, որովհետեւ երկար տարիներ անընդհատ վեճ էր գնում ՀԱՊԿ-ի հետ կապված, ինչ-որ պահանջներ էին դրվում: Հիմա, կարծես թե, բոլորն ավելի լավ են հասկանում, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ եւ ինչու Երեւանում նման անհասկանալի ձեւով էին պահում անդամ երկրների նախագահները: Անգամ Բելառուսի նախագահն ասաց, թե «այս խնդիրները ընդհանրապես նախագահի մակարդակի խնդիրներ չեն, ինչո՞ւ ենք մենք եկել այստեղ»: Փաստորեն, ասում են, որ դա լրիվ անլուրջ կազմակերպություն է եւ որեւէ բան չի ստացվում իրենց մոտ, բայց, ես կարծում եմ խնդիրը շատ ավելի խորն է: Իրականում դա շատ էական նշանակություն ունեցող հանդիպում էր քաղաքական տեսակետից, որովհետեւ բոլորս տեսանք եւ մասնակցող երկրների նախագահները համոզվեցին, որ այսօրվա Ռուսաստանի քաղաքականության մեջ գոյություն ունեն անլուծելի խնդիրներ:

ՀԱՊԿ-ն, ի վերջո, ուզում է, թե չի ուզում, պետք է ընդունի, որ շատ սպեցիֆիկ նշանակություն ունեցող կազմակերպություն է: Դա ստեղծվել է, ոչ թե որպես ՆԱՏՕ-ի պես ինչ-որ բլոկ, չնայած դրա մասին շատ են խոսում, այլ ստեղծվել է Ռուսաստանի կողմից քաղաքական նկատառումներով: Բանն այն է, որ բոլոր թուրքալեզու հարեւան պետությունները Ռուսաստանի համար լրջագույն քաղաքական խնդիր են, որից ավելի էական խնդիր Ռուսաստանը չունի: Դա եղել է դարեր շարունակ, երբ Ղազախստանից մինչեւ Թուրքիա շղթայով ստեղծվել են թուրքալեզու պետություններ, որոնք գնալով ուժեղանում են: Ռուսաստանը իր այդ հարեւանների, նաեւ ՌԴ-ում ապրող թուրքալեզու ժողովուրդների հետ լեզու գտնելու քաղաքականություն չունի: Դրա համար Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ինչ-որ ձեւով նրանց դնել քաղաքական «կոլպակի» տակ, առնվազն չթողնել, որ նրանք քաղաքականություն մշակեն, ուրիշ պետությունների հետ հարաբերություն ստեղծեն: Սա քաղաքականություն է, որը պարզ երեւում է, եւ երեւում է, որ Ռուսաստանը սնանկացած է եւ ի վիճակի չէ դա իրականացնել: Մոտ մեկ տարի է Ռուսաստանը կոնֆլիկտի մեջ է Թուրքիայի՝ ամենակարեւոր թուրքալեզու պետության հետ: Հիմա կարծես թե փորձում են նոր հարաբերություններ ստեղծել: Այսինքն ՀԱՊԿ-ի միջոցով Մոսկվան, կարծես, բարեկամական հարաբերություններ է ուզում ստեղծել թշնամի պետությունների հետ: Իսկ Հայաստանը կոնկրետ այս խնդրում Ռուսաստանի միակ գործիքն է եւ միակ հույսը, քանի որ Մոսկվան որեւէ ձեւով այդ թուրքական պետությունների վրա ազդելու հնարավորություն չունի:

Միայն Հայաստանն է, որ, փաստորեն, գլխացավանք է դարձել թե այդ պետությունների, թե Ռուսաստանի համար, թե ինքը իր համար, որովհետեւ վերցրել է այդ դերը:

Ռուս-թուրքական լարված հարաբերությունների ժամանակ մի անգամ Սերժ Սարգսյանը շատ կոշտ հայտարարություն արեց եւ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ՀԱՊԿ-ում որեւիցե մեկը չի պաշտպանում Ռուսաստանին, ՆԱՏՕ-ի օրինակը բերեց, ասաց, որ ՀԱՊԿ-ը բլոկ է: Այդ ժամանակ շատերը զարմացան, բայց այստեղ զարմանալու բան չկա: Դա այն ճիպոտն է Ռուսաստանի ձեռքին, որի դերը Հայաստանը կատարում է: Դա վտանգավոր քաղաքական դեր է, բայց փաստ է, եւ բոլոր այդ պետությունները սկսած Թուրքիայից, Ադրբեջանով մինչեւ Ղազախստան, պահանջում են Ռուսաստանից պատժել Հայաստանին: Այդ կոնտեքստում, Ռուսաստանը ստիպված պետք է նրանց կարիքները հոգա, ինչն էլ արեց Երեւանում: Փաստորեն Ռուսաստանը տապալեց Երեւանի հանդիպումը հօգուտ նրա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չվիրավորվեն հանկարծ, թե ինչու եք այստեղ հավաքվել:

Դա է կատարվել եւ կատարվելու է անվերջ եւ տրամաբանությունը նույնն է՝ մի կողմից Հայաստանն օգտագործել ուրիշների դեմ, մյուս կողմից բոլորի զայրույթը թափել Հայաստանի վրա, մեկուսացնել Հայաստանին: Հետո զինել հակառակորդներին, հարձակումներ կազմակերպել: Այդ քաղաքականությունը Ռուսաստանի մոտ եղել է դարեր շարունակ, եւ դրա համար հիմա Հայաստանում մարդիկ դժվար են հասկանում, թե ինչու է Ռուսաստանն այսպես իրեն պահում: Սա է վարվող քաղաքականությունը. տեղերը փոխենք, Հայաստանը լիներ Ռուսաստանի տեղը՝ նույնը կաներ, ուրիշ ձեւ չկա, որովհետեւ ուրիշ քաղաքականություն Ռուսաստանը չունի:

Փաստորեն դուք գտնում եք, որ ՀԱՊԿ-ի այս գագաթաժողովը տապալվա՞ծ է: Ի՞նչ պետք է տեղի ունենար, որ չեղավ:

Ոչ մի բան էլ չպետք է տեղի ունենար. կարող էր լինել միայն սա: Այսինքն Ռուսաստանը չի կարող անգամ Հայաստանի ներկայացուցիչներին նշանակել գլխավոր քարտուղար Նա ի վիճակի չէ դա անել, չի էլ ուզում անել: Մոսկվան առաջ է քաշում նման խնդիր, հետո չի անում, հետո այդ չանելը էժան կամ թանկ ծախում է թուրքալեզու պետությունների վրա: Անընդհատ բարձրացնում են ինչ որ խնդիրներ՝ իսկանդերներ են մատակարարում եւ այլն…, հետո արդեն հարաբերություններ են ստեղծում այդ պետությունների հետ՝ գործում են մեկ ճիպոտով, մեկ պրյանիկով: Սա շատ տխուր ու վտանգավոր քաղաքականություն է, եւ բոլորը գերի են այդ քաղաքականության մեջ: Առաջին հերթին Ռուսաստանն է գերի, որովհետեւ լուծում չունի:

Արդյոք Ռուսաստանի այս քաղաքականությամբ է բացատրվում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Սերգեյ Լավրովի արված հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը:

Նույն տրամաբանությունն է: Թուրքիային կասեն այսպես, հետո կգան Հայաստանին կասեն՝ դե գիտես ինչ, մենք որեւէ լծակ չունենք, հետո Հայաստանի պաշտոնյաները կքննադատեն Թուրքիային, հետո այդ ամենը շատ թանկ կծախեն Թուրքիայի վրա: Ընդամենը մի պրոցես է, որտեղ Ռուսաստանը փորձ է անում մինիմալ նորմալ հարաբերություններ հաստատել այդ պետությունների հետ, ու դա անվերջ է: Պետք լինի՝ ամեն ինչ շուռ են տալիս Հայաստանի դեմ, հետո հակառակն են անում, որովհետեւ իսկապես լուծում չկա, ուրիշ ճանապարհ չկա: Ռուսաստանն առանց այդ էլ մեծ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ, եւ այդ խնդիրների լուծումը չի տեսնում, պլյուս դրան, ավելանում են այս հարեւանները: Հիմա այդ հարեւանները բոլորը կգնան Արեւմուտքի հետ համագործակցության, կամ ավելի մեծ պրոբլեմներ կստեղծեն Ռուսաստանի համար: Ռուսաստանը ստիպված է իրենց պահել այս վիճակում, որ առնվազն չխանգարեն:

Ի՞նչ ապագա է սպասվում ՀԱՊԿ-ին, եթե այդ կառույցի պետությունները, փաստորեն, չունեն հետաքրքրվածություն մնալու ՀԱՊԿ-ում:

Նրանք պետք է փորձեն դուրս գալ, բայց դեռ չի ստացվում: Թուրքիան էլ է անընդհատ փորձում դուրս գալ, ՆԱՏՕ-ի հետ ավելի մեծ հարաբերություններ ստեղծել, Ռուսաստանի հետ Սիրիայում հարցերը լուծել իր ուզած ձեւով, բայց չի ստացվում: Թուրքիան մեծագույն խնդիրներ ունի Արեւմուտքի հետ եւ դա ստիպում է Թուրքիային Ռուսաստանի հետ բարեկամական կամ այլ հարաբերություններ ստեղծել: Թուրքիայի վիճակն ավելի լավ չէ: Եվ իզուր չէ, որ Նիկոլայ Բորդյուժան վերջերս հայտարարեց, որ ընդհանրապես աշխարհում փլուզվել է անվտանգության համակարգը: Չկան սկզբունքներ, որոնք վրա հենվես: Ամեն պետություն ստիպված իր հարաբերություններն է ստեղծում այլ երկրների հետ, որ փորձի լողալով դուրս գալ այս վիճակից, առաջ գնալ: Ժամանակին՝ սառը պատերազմի ժամանակ, կար անվտանգության հստակ մոդելը, բոլորը գիտեին իրենց դերը պարզ ու հստակ, իսկ հիմա ամեն ինչ փլուզվել է՝ սկսած ՆԱՏՕ-ից, որ ինքն էլ չգիտի իր դերը որն է: Սառը պատերազմի ժամանակ հենց Ռուսաստանը եւ Թուրքիան մեծագույն դեր էին խաղում այդ հավասարակշռության մեջ, հիմա երկուսն էլ մնացել են առանց դերի, փաստորեն անտեր, եւ փորձում են գտնել իրենց դերը այնպես, ինչպես իրենք են ուզում: Թուրքիան մի երկիր է, որ չգիտի թե ինչ անի, ուր նայում է, պատնեշ է տեսնում:

Հիմա գերտերությունները եւ նրանց հետ կապված այլ երկրները փորձում են գալ ինչ-որ նոր համակարգի: Եթե չկարողանան գալ, այսպես էլ շարունակվելու է. անկայուն իրավիճակ է, լի մեծ վտանգներով: Այս պայմաններում խոսել այն մասին, որ ՀԱՊԿ-ն կարող է դառնալ ինչ-որ կանոնավոր կայուն կազմակերպություն՝ կայուն գործառույթներով, անհնար բան է: Իրականում ՀԱՊԿ-ն կազմակերպություն չէ, որովհետեւ կազմակերպությունն այն է, որ կան շահեր եւ բոլորը միանում են միասնական շահերի հիման վրա միասնական սկզբունքներ, արժեքներ, ծրագրեր են հստակեցնում, բայց այստեղ հակառակն է: Սա պատերազմ է, եւ ինչպես բանտի մեջ, բոլորը փորձում են իրար զսպել, ուրիշ ոչինչ այստեղ չկա: ՀԱՊԿ-ից երբեւէ որեւէ բան պետք չէ սպասել: Հայաստանը դրանից օգուտ ունի՞: Իհարկե ունի: Ցանկացած խաղի մեջ օգուտ կա, եթե կարողանաս ճիշտ դրսեւորվել: Երբ զենքեր էին տրամադրվում Հայաստանին, պարզ է որ Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի վճարել, բայց Ռուսաստանում գրել են, որ դա ՀԱՊԿ-ի ծրագրերի ներքո է տրամադրվել: Այսինքն ամեն խաղ ունի օգուտ, որը կարող եք վերցնել, եթե լավ եք գիտակցում այդ ամենը: