Ես միայն ուրախ կլինեմ, եթե անվանապես նշվեն յուրացումների, հատկապես պաշտպանական բյուջեի յուրացման համար պատասխանատուները։ Բայց իրավական եւ այլ պատճառներով դա անհնար է անել։ Այս մասին նոյեմբերի 14-ին՝ ԱԺ–ում զինծառայողների ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Շատ ընդդիմադիր պատգամավորներ հարցնում են, թե չի կարելի արդյոք հավաքել անհրաժեշտ միջոցները բյուջեի ավելորդ ծախսերի կրճատման հաշվին, որպեսզի քաղաքացիներից գումար չգանձեն։ «Ուզում եմ շատ անկեղծ ասել. ես միայն ուրախ կլինեմ, եթե պատգամավորները կամ պատասխանատու գերատեսչությունները անուն առ անուն կնշեն նրանց, ովքեր փորձել են պաշտպանական բյուջեի հաշվին ենթադրյալ երջանկություն կառուցել։ Բայց իրավական եւ այլ պատճառներով դա անհնար է անել։ Բայց եթե նման մարդիկ կան, նրանք պետք է պատասխանատվություն կրեն, իսկ յուրացված միջոցները հետ վերադարձնեն»,– նշեց Սարգսյանը։











