Չպետք է չարանալ հարուստների, հաջողակների հանդեպ: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողներին խորհուրդ տվեց պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը: Նա հայտարարեց, որ նորմալ է համարում 1000 դրամով բանակին օժանդակելու նախագիծը:

Դիտարկմանը, թե հասարակությունը վստահություն չունի գումարը հավաքողի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ բարձրաձայնում է, որ այդ գումարները տեղ չեն հասնում,  Գեւորգյանը նշեց, թե վստահություն չլինելը հարցի մյուս կողմն է: «Իսկ ինչ վերաբերում է թե  արդյոք տեղին է, ապա՝ այո, տեղին է: Ես կողմ եմ, դեմ չեմ, բայց կարծում եմ տոկոսային հարաբերություն պետք է լինի, այսինքն շատ աշխատավարձ ստացողը շատ վճարեր, քիչը՝ քիչ»,- ասաց պատգամավորը՝ չբացառելով, որ այդ հարցը կբարձրացնի:

Դիտարկմանը, թե տեսակետ է հնչում, որ բանակի գումարները թալանողներին պետք է պատժեն, եւ այդ փողերն ուղղեն բանակի կարիքներին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Եթե գեներալը  հարստացել է ոչ բանակի հաշվին, ապա նորմալ եմ դա համարում, իսկ եթե հարստացել է բանակի հաշվին, ապա դրա համար կան պատկան մարմիններ, ովքեր պետք է զբաղվեն այդ հարցով»:

Արթուր Գեւորգյանն ասաց, թե եղել են դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք թույլ են տվել չարաշահումներ պատժվել են. «Դուք հասարակության մեջ ստեղծում եք մի կարծիք, որը գեղեցիկը, հարուստը դիտվում է որպես վատ: Լրագրողներն են նման բան ստեղծում, եւ թաց չորի հետ խառնվում է»,- ասաց Գեւորգյանը, հավելելով, որ չպետք է չարանալ հաջողակների նկատմամբ:

Անդրադառնալով վերջերս մամուլում հրապարակված փաստին, որ ինքն ԱՄՆ-ում երկրորդ շքեղ առանձնատուն է գնել, եւ որի վերաբերյալ փաստաթղթեր հրապարակվեցին, Արթուր Գեւորգյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում… Միգուցե հուշեք տվյալ մարդկանց, որ գնան այդ հասցեով, գուցե Գեւորգյան Արթուրը տա՞նն է: Այս ամենից քաղաքական խարդավանքների հոտ է գալիս: Եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, թող իմ անցած ճանապարհն անցնեն»:

Նրա խոսքով, ինքը դեռեւս մինչեւ պատգամավոր դառնալը ունեցել է միջոցներ, որոնք ներկայումս էլ ուղղում է Բռնցքամարտի ֆեդերացիային, որն ինքն  է ղեկավարում:

Հարցին, թե հաջորդ խորհրդարանում Ձեզ կտեսնե՞նք, այն դեպքում, երբ այլեւս չկա մեծամասնական ընտրակարգ, Գեւորգյանը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա: «Որոշումն առաջին հերթին իմն է, ապա համաձայնացնում ես քո կուսակցության հետ: Ավելի շատ դա մեծամասնական է, երբ որ Ձեր անվան դիմաց են քվեարկում, դա ինչ է, եթե ոչ մեծամասնական ընտրակարգ»:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Գեւորգյանը երբեք  խորհրդարանում ելույթ չի ունեցել, որեւէ հարց չի ուղղել: Նա գտնում է, որ պատգամավորական գործունեությունը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալը չէ: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը մեծամասնական ընտրակարգով է ընտրվել եւ աշխատում է իր ընտրողների հետ: