Քառօրյա պատերազմում մահացած կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին խոսքերը եղել են՝ գնացեք, Մարիամ, ես կգամ ձեր հետեւից... Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Հովսեփն իր երկու անչափահաս երեխաներին եւ կնոջը թողնելով Մատաղիսի իրենց բնակարանում, շտապեց իր 25-ի զինվորներին օգնության՝ կնոջն ասելով՝ դու ուժեղ ես Մարիամ, կկարողանաս:
«Գիշերվա ժամը 3-ն էր, մեկն ուժեղ պատուհանն էր թակում: Վախեցած արթնացա, Հովսեփին հանեցի քնից, նա դուրս եկավ, վերադառնալուց հետո անհանգիստ էր: Ասաց՝ երեխեքի շորերը հագցրու, իջեք նկուղ եւ դուրս գնաց: Մի 10 րոպեից հետո եկավ նորից, հագավ դաշտային համազգեստը եւ ժպտալով ինձ, ասաց՝ դու ուժեղ ես Մարիամ, կկարողանաս դուրս գալ այստեղից: Խնդրեցի, որ օգնի, ասաց՝ ինքն իր զինվորներին պետք է...վերջին անգամ ժպտաց, նայեց ու գնաց»,-պատմում է Մարիամը:
Մարիամը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, իր երկու երեխաների հետ կարողանում է Մատաղիսից դուրս գալ եւ հասնել Ստեփանակերտ՝ ճանապարհին հեռախոսով անընդհատ խոսելով ամուսնու՝ Հովսեփի հետ:
«Ամուսնուս ընկերոջ կնոջ մեքենայով ենք դուրս եկել այդտեղից՝ ընդամենը չորս օրվա վարորդ էր այդ կինը: Մեքենայի վրա կրակում էին: Մեզ հետ մի հղի կին կար, նրա ու վախեցած երեխաների մասին էինք մտածում: Հետո Մարտակերտի ճանապարհին մի մեքենայի հանդիպեցինք, որի վարորդը կրակոցից վիրավորվել էր: Այդ մեքենայում գտնվող երկու կանանց ու երեխաներին էլ վերցրեցինք մեզ հետ: Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասաց՝ Մարիա՛մ, կգամ ձեր հետեւից: Դրանք նրա վերջին խոսքերն էին...»:
Մարիամը դրանից հետո անընդհատ զանգել է Հովսեփին, նամակներ գրել, սակայն, մնացել անպատասխան: Ավելի ուշ Մարիամն իմանում է , որ Հովսեփն այլեւս չկա...
Ավելի ուշ Հովսեփի ծառայակից ընկերները Մարիամին պատմել են՝ 25 զինվորին թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս է եկել հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Այժմ Մարիամին հույս են տալիս իրենց երկու բալիկները եւ ապրելու ուժ տալիս Հովսեփի հետ ունեցած պահերի հիշողությունները: Նա հպարտ է, որ Հովսեփի նման ամուսին է ունեցել, սակայն, նրա կորստի վիշտը հաճախ է խեղդում այդ հպարտությունը:
Հերոսի երկու տղաները՝ Գեղամն ու Էրիկն ամեն օր սպասում են իրենց հոր վերադարձին: Ավագ որդին՝ Գեղամը, երբ հոր գերեզմանին է գնում, հասկանում է, որ իր հայրիկն այդտեղ է քնած. նա միանգամից փոխվում է, լրջանում եւ ուշադիր նայում հոր լուսանկարին: Իսկ փոքրը՝ Էրիկն, ամեն գիշեր քնելուց առաջ մտածում է, որ հայրը տուն է վերադառնալու եւ ինքը տեսնելու է նրան...
Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետեւ մեկնել Մարտակերտ` ծառայության:












