Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նոյեմբերի 15-ի հանձնարարականը, թե առաջին ձյան դեպքում անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքները պետք է կատարվեն անհապաղ, ենթակաները կարծես չեն կատարում:

NEWS.am-ի տեսախցիկը դեկտեմբերի 1-ին ֆիքսել է, թե ինչ վիճակում է գտնվում Երեւան- Սեւան միջպետական ավտոճանապարհը:

«Գիշերը կամ լուսադեմին ավազ են ցանել, բայց դրանից հետո մատ չի կպել էս ճանապարհներին»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին վարորդները:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ պատկան մարմիններն (կարող ես գրել ճանապարհաշինական ընկերությունները) աշխատում են 24-ժամյա ռեժիմով. նույնիսկ գիշերվա ժամերին աղ ու ավազ են ցանում, որից որոշ ժամանակ անց էլ մաքրող մեքենաներն են սկսում աշխատել: «Տեխնոլոգիան այսպիսին է. աղ ու ավազ են ցանում, որ ձյունը մեքենաների ինտենսիվության տակ փափկի, 1-2 ժամ անց արդեն մաքրող մեքենաներն են սկսում իրենց աշխատանքը: Ձեր տեսանյութից պարզ երեւում է, որ աղ ու ավազը ցանված է, որոշ տեղերում նույնիսկ ասֆալտն է երեւում: Մինչև ձյունը չփափկի, մաքրման աշխատանքներ կատարելը անիմաստ է, կստացվի, որ գրեյդերը մաքրում է ցանված աղն ու ավազը: Ճանապարհաշինարարները սպասել են որոշ ժամանակ եւ արդեն մեքենաներով են սկսել մաքրել: Ժամը 17:00-ի դրությամբ Երեւան- Սեւան ճանապարհն ամբողջությամբ մաքրված է»,- ասաց Անահիտ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ հենց այս ավտոճանապարհին տարվա ընթացքում բազմաթիվ ողբերգական վթարներ են տեղի ունենում: Վերջինը Վարսեր գյուղի բարեգործական ավտոբուսի վթարն էր, որի ժամանակ 18-ամյա ուսանողուհին մահացավ: Այդ ժամանակ Տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, թե ճանապարհը մաքրված է եղել, մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում կասկածի տակ էր դրել տրանսպորտի նախարարության` իրեն ուղարկված այդ պատասխանը` հայտարարելով, որ Shamshyan.com-ի լուսանկարներն այլ բան են վկայում:

«Սեւան–Երեւան ավտոմայրուղու 45–րդ կմ-ի  վրա տեղի ունեցած ավտովթարից հետո, որի հետեւանքով 1 ուսանողուհի էր մահացել, ես  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին  հարց էի հղել, թե ինչն է պատճառը, որ կանխարգելող միջոցառումներ չեն իրականացվել այն  բանից հետո, երբ հոկտեմբերի 17-ին Հիդրոմետը տեղեկացրել էր, որ ձյուն է սպասվում։ Չեմ էլ ուզում հավատալ, որ անձամբ նախարարն է ստորագրել այս փաստաթուղթը, որում ասվում է, որ ճանապարհի ասֆալտ–բետոնային ծածկը եղել է չոր, նորմալ եւ անցանելի վիճակում»,– ասել է Էնֆիաջյանը՝ ներկայացնելով լուսանկարը եւ հավելելով, որ որքան էլ մեքենան սարքին լինի, նման ճանապարհով նորմալ երթեւեկել հնարավոր չէ։

Դրան ի պատասխան՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել էր, որ քանի որ հարուցվել է քրեական գործ, ապա ճիշտ կլինի, եթե ինքը կարծիք չհայտնի։

«Ճանապարհը միգուցե եղել է թաց, չոր չի եղել, բայց եղել է մաքրած։ Նույն լրատվամիջոցներում հայտնում էին, որ այդ մեքենայի անվադողերը եղել են մաշված»,– ասել է նախարարը։

Թե ինչ դասեր է քաղել նախարարությունը վթարից հետո, պարզ չէ: