Մոսկովյան շապիտո կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Երեւան է ժամանելու։ Հյուրախաղերը ծրագրված են դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը։
Մոսկովյան կրկեսը Երեւան է գալու Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանի հրավերքով։ Հյուրախաղերը նվիրված են միանգամից երկու իրադարձությունների՝ հայկական կրկեսային կոլեկտիվի 60-ամյակին ու ամանորյա տոներին (առաջին մասը դեկտեմբերի 23-ից 29-ը), իսկ երկրորդ մասը (հունվարի 3-ից 15-ը)։

Հայկական կրկեսային կոլեկտիվը ստեղծվել է 1956-ին ու այն ժամանակ կոչվել է «Երեւան»։ Կոլեկտիվի հիմնադիրն ու առաջին ղեկավարը Վաղարշակ Արզումանյանն էր։
«Սակայն, պետությունը չհիշեց կոլեկտիվի 60-ամյակի մասին։ Մենք էլ որոշեցինք չսպասել, թե դա երբ տեղի կունենա, եթե իհարկե տեղի ունենա, ու որոշեցինք ինքներս նշել այն։ Հրավիրեցինք Մոսկովյան շապիտո կրկեսին»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սոս Պետրոսյանը։
«Ամանորյա անակնկալներ» խորհրդանշական անվանումով հյուրախաղերը կանցնեն նախկին դելֆինարիումի տարածքում։ «Մենք հատուկ Գերմանիայից հրավիրել ենք հանրահայտ ծաղրածու Չառլիին (Գագիկ Ավետիսյանին)։ Նա երկար տարիներ աշխատել է նշանավոր Օլեգ Պոպովի հետ։ Մենք կուեննանք հատուկ Ձմեռ պապ՝ արտիստ, ռեժիսոր, մանկավարժ, հայկական կրկեսի հաստիքով Ձմեռ պապ Սամվել Միքայելյանը։ Ձյունանուշիկ էլ կունենանք»,- նշեց երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը։
Մոսկովյան շապիտո կրկեսի ղեկավար Վալերի Բերոեւն էլ իր հերթին պատմեց, որ կրկեսային սարքավորումներն արդեն տեղափոխվել են Երեւան։ «Կենդանիները Վլադիկավկասում են։ Վերին Լարս անցակետում սկսված խափանումները խանգարեցին կրկեսի թատերախմբի տեղաշարժին։ Կարեւորը, որ ճանապարհը չփակվի»․- նշեց Վալերի Բերոեւը։ Նման տխուր նախադեպ նրա կյանքում արդեն եղել է․ «90-ականների վերջին մենք պետք է հյուրախաղերի գայինք։ Ճանապարհին տեխնիկան կոտրվեց, ու հյուրախաղերը ուշացան։ Հանդիսատեսը նյարդայնանում էր։ Բայց հետո ամեն ինչ հոյակապ անցավ՝ կատարյալ անշլագով»։ Բնական խոչընդոտներից բացի կան նաեւ մարդակերտ խոչընդոտներ։ «Ամենամեծ բարդությունը ճանապարհն է, ստիպված ենք հաղթահարել երկու սահման ու չորս մաքսատուն։ Ընդ որում ռուսական ու հայկական մաքսատները դեռ տառապում են կոռուպցիայից։ Ընդամենը 550 կմ-ն ես անցել եմ չորս օրում, ավելի ճիշտ կլիներ ասել, ոչ թե անցել եմ, այլ կանգնել մաքսատներում»,- դժգոհեց Վալերի Բերոեւը։
«Ամանորյա անակնկալներ» ծրագրի հանդիսատեսին սպասում են ձիավարություն, վարժեցված արջեր ու շներ, օդային ակրոբատներ։ «Շատ լավ ծրագիր է, որը հույս ունենք դուր կգա հայ հանդիսատեսին»,- նշեց Վալերի Բերոեւը։
«Կոմերցիան կոմերցիա, բայց գլխավոր պատճառը, թե ինչու ենք մենք այստեղ, հայկական կոլեկտիվի ու անձամբ Սոս Պետրոսյանի հետ հին մտերմությունն է»,- նշեց Վալերի Բերոեւը։ Նշենք, որ Հայաստանի հետ Մոսկովյան կրկեսի ղեկավարին կապում են ոչ միայն ընկերական, այլեւ ազգակցական հարաբերություններ՝ Վալերի Բերոեւի աները ակրոբատ, էկվալիբրիստ, ծաղրածու-միմ, Խորհրդային Հայաստանի վաստակավոր արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ռաֆայել Հակոբյանն է (կյանքից հեռացել է 2015-ին)։
Նշենք, որ անցած տարի, կրկին Սոս Պետրոսյանի նախաձեռնությամբ, աշխարհահռչակ «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարովի 80-ամյակի կապակցությամբ հյուրախաղերով Երեւան էր այցելել պետերբուրգյան «Իմպերիալ» կրկեսը։











