2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 5-ից ոստիկանության կրթահամալիրում իր աշխատանքը սկսեց «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով սեմինարը, որի անցկացման նպատակով Երեւան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին մասնավորապես՝ Եվրոպական Միության թմրամիջոցների ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի շրջանառության ռազմավարությանը եւ գործողությունների ծրագրերին, Լեհաստանի թմրամիջոցների հակազդման ազգային ծրագրին, ոլորտը կարգավորող իրավական ակտերին:
Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր:
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի մոտ կայացավ ամփոփիչ հանդիպումը:
Տիգրան Եսայանը շնորհակալություն հայտնեց լեհ գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության ծառայողներին իրենց փորձը հաղորդելու համար՝ նշելով, որ անդրազգային հանցավորության այս տեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խիստ կարեւոր է եւ պետք է իրականացվի փորձի փոխանակման, ժամանակակից մեթոդների ներդրման եւ մասնագետների վերապատրաստման միջոցով:
Լեհական պատվիրակության ղեկավար Վալդեմար Կրավչուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատեց այս տարվա ընթացքում Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանության կողմից իրականացված զգալի աշխատանքները եւ հույս հայտնեց, որ նման արդյունավետությամբ աշխատանքները կշարունակվեն նաեւ 2017 թվականին:












