Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստների են հրավիրում իրենց մոտ, այսպես կոչված, զրույցի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սա հետապնդում է նրանց քաղաքական եւ հասարակական գործունեության համար, սա բացահայտ ապօրինություն է: Ես հորդորում եմ Ազգային անվտանգության ծառայողներին` զերծ մնալ, դադարեցնել իրենց ապօրինի գործունեությունը»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին Փաշինյանի ելույթը զարմացրեց` «սա ինչ վարման կարգ էր», ապա շարունակեց. «Ամբողջ Ազգային ժողովը ձեր խոսքից հետո խառնվեց իրար, չեմ հասկանում` ինչի»:

Նշենք, որ մի քանի րոպե պատգամավորները քննարկում էին, թե ինչու են մարդկանց Ազգային անվտանգության ծառայություն հրավիրում:

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ էր հրավիրվել նաեւ երաժիշտ Վահան Արծրունին: Թե ինչի համար էր նա հրավիրվել այնտեղ, դեռեւս պարզ չէ: Արծրունին ինքն էլ դա չի հասկանում: