Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջում է կարգազանց ճանաչել այն պատգամավորին, որն այսօր կողմ է քվեարկել իր բացակա ընկերոջ փոխարեն:

«Մենք օրենքի նախագիծ էինք ներկայացրել, որ պետք է կարգազանց ճանաչեինք այն պատգամավորներին, որոնք ուրիշի փոխարեն քվեարկում են: Այսօր մենք ունենք հիմնավորում, որ պատգամավորը քվեարկել է մեկ այլ պատգամավորի փոխարեն: Խնդրում ենք` ցույց տվեք, թե ինչպես է եղել քվեարկությունը, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորին ճանաչենք կարգազանց»,- այսօր` դեկտեմբերի 15-ին, ասաց Զարուհի Փոստանջյանը:

Գալուստ Սահակյանը չհամաձայնվեց, հորդորեց կարգազանցների մասին չխոսել. «Կարգազանցությունը բոլորիդ մոտ է: եթե ինչ-որ մեկը քվեարկել է ուրիշի փոխարեն, ասեք, թե ով է քվեարկել, դիմենք Էթիկայի հանձնաժողով»: 

Նշենք, որ մինչ այդ Թեւան Պողոսյանն ապացուցեց, որ պատգամավորը ներկա չէ, սակայն կանաչ լույսը վառվում է, ինչը նշանակում է` նրա փոխարեն քվեարկել են: