Վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանը ցանկություն ունի տարիներ հետո քանոնը դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող գործիք։ Բայց առայժմ 10–ամյա աղջիկը տիկնիկ է ուզում Ձմեռ պապից։ Սովորական օրերին Մերին խաղի ժամանակ չի ունենում, օրվա մեջ 5–8 ժամ տրամադրում է քանոնին, մնացած ժամանակը՝ դպրոցի դասերին, եթե, իհարկե, հյուրախաղերի չի լինում։ Ուսուցիչներն ըմբռնումով են մոտենում իրենց տաղանդավոր սանի հաճախակի բացակայություններին, 7–ամյա եղբայրն ավելի քիչ հանդուրժող է. չի հասկանում՝ ինչու իր քույրն էլ մյուսների նման տանն իր հետ չի խաղում։

Մերիենց տանն ամենուրեք նրա պատվոգրերն ու մեդալներն են, որոնք աղջիկն իր հետ բերել է ԱՄՆ–ից, Ռուսաստանից, Մալթայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից։ Նվագել սկսել է 6, համերգային շրջագայությունները՝ ութ տարեկանից։

10–ամյա աղջիկը չի թաքցնում՝ հեշտ չի եղել հաղթահարել հուզմունքը եւ ելույթ ունենալ մեծ լսարանի առջեւ, հատկապես որ ոչ միշտ են ծնողներն ուղեկցել նրան շրջագայությունների ժամանակ։ Բայց նման բարդ իրավիճակների շնորհիվ է, որ սովորել է արագ կողմնորոշվել, հաղորդակցվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։

Лучше всех հաղորդումից հետո Մերին ստացել է հրավերներ՝ մասնակցելու նաեւ ուկրաինական, ամերիկյան եւ ֆրանսիական նմանատիպ շոուներին։

Երկրորդ անգամ նրան ռուսական առաջին ալիքով կտեսնենք դեկտեմբերի 25-ին՝ Лучше всех–ի ամանորյա շոուին։

Մերին հեշտ ճանապարհ չի փնտրում, նվագում է բարդ գործեր, որոնք կատարում է վիրտուոզի վարպետությամբ։ Երազում է շրջագայել աշխարհով մեկ, քանոնը հայտնի դարձնել բոլոր երկրներում եւ վերադառնալ Հայաստան՝ հայ մանուկներին իր մեծ կիրքը փոխանցելու։