ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջապես արթնացել ու դեկտեմբերի 29-ի ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ հայտարարություն են արել, հերթական անգամ՝ անհասցե:

Նշել են հրադադարի ռեժիմի խախտման անընդունելիության, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին հետեւելու անհրաժեշտության մասին, հայկական կողմին էլ կոչ են արել անհապաղ վերադարձնել արբեջանական դիվերսիայի հետեւանքով ծավալված մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:

Հայկական կողմը պատասխանել է՝ Մինսկի խմբի արձագանքն ուշացած է եւ խախտումներ իրականացնողի կողմից կարող է ընկալվել որպես հանդուրժում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք պետական սահմանի հատվածում ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը եւ Էրիկ Աբովյանը։ Ադրբեջանական կողմը յոթ զոհ ունի, իսկ մեկ զինծառայողի մարմին մնացել է Հայաստանի տարածքում:

Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Նա դեռեւս հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է: Հերթական հետազոտության ընթացքում նրա ուղեղի վրա այտուց են հայտնաբերել: Ամեն դեպքում, բժիշկներն արդեն դրական տեղաշարժ են նկատում: Գարիկը Վարդանյանը հունվարի 17-ին պետք է զորացրվեր: Նա Արարատի մարզի Այգեստան գյուղից է:

«Փոքր Մհեր» կրթահամալիրում կրքերը չեն հանդարտվում: Հիմա էլ ավագ մասնաճյուղի սաները բողոքում են կրթահամալիրը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին միացնելու դեմ: Ծնողներն ասում են՝ «Մոնթե Մելքոնյանի տեղն էլ գիտենք, Փոքր Մհերինն էլ, մեր երեխաներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ որակյալ կրթություն են տալիս»: Պաշտպանության եւ կրթության նախարարներն այսօր կրթահամալիրում սաների եւ ծնողների հետ առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել: Առայժմ հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել եւ ինչ որոշումներ կայացվել:

Նախկինում նույնպես կրթահամալիրում բողոքներ են եղել, իսկ պատկան մարմինների ստուգումների արդյունքում այստեղ խախտումներ են արձանագրվել: Պաշտպանության եւ կրթության նախարարությունները ռազմական կրթական հաստատությունում առկա խնդիրները լուծելու տարբերակներ էին մշակում:

Վանաձորի 46-ամյա բնակչուհին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա մեծ քանակությամբ սպասք լվանալու ախտահանիչ հեղուկ է խմել, ինչի հետեւանքով կնոջ մոտ քիմիական նյութից թունավորմանը բնորոշ ախտանշաններ են առաջացել: Տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ վիճակը կայունացնելուց հետո տեղափոխել են Երեւան՝ հետագա բուժումը մասնագիտացված բուժկենտրոնում շարունակելու համար:

Ուժեղ սառնամանիքների հետեւանքով Եվրոպայում շուրջ հինգ տասնյակ մարդ է զոհվել, մեծ մասը՝ Լեհաստանում: Միայն մեկ օրվա ընթացքում այս երկրում 6 մարդ է մահացել: Ցրտահարության հետեւանքով զոհեր կան Չեխիայում, Իտալիայում, Բելառուսում: Անբնական ցուրտ եղանակը եվրոպական շատ քաղաքներում նաեւ տրանսպորտային կոլապս է առաջացրել: Իսկ Մոսկվայում եղանակի վտանգավորության նարնջագույն մակարդակ էր հայտարարել: Ըստ օդերեւութաբանների՝ սա նշանակում է, որ տարերային աղետների հավանականություն կա: Ռուսաստանի մայրաքաղաքում եւ մերձակա շրջաններում մինչեւ 30 աստիճան ցուրտ է գրանցվել, որոշ հատվածներում՝ 35 աստիճան ցուրտ:

Հոլիվուդյան աստղերն ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահի: Մերիլ Սթրիփ-Դոնալդ Թրամփ հեռակա «լեզվակռիվը» շղթայական արձագանք է ստացել: Մերիլ Սթրիփը «Ոսկե գլոբուսում» ելույթի ժամանակ սուր քննադատություն էր հնչեցրել Թրամփի հասցեին, ինչին ի պատասխան միլիարդատերը նրան «Հիլարիի հետեւորդ» եւ «գերագնահատված դերասանուհի» է անվանել: Սա էլ արժանացել է Ջորջ Քլունիի քննադատությանն ու տարակուսանքին. Twitter-յան գրառումներով տարված Թրամփը մի՞թե չպետք է երկիրը կառավարի:

Բայց սա դեռ ամենը չէ. հոլիվուդյան աստղերը Թրամփի դեմ արշավում գործնական քայլի են պատրաստվում: Նորընտիր նախագահի երդմնակալության առիթով հայտնիները քայլարշավ են ծրագրել Վաշինգտոնում, ինչպես նաեւ հարյուրից ավելի այլ ակցիաներ երկրի տարբեր նահանգներում:

Էլեկտրամոբիլ գնիր եւ Երեւանում անվճար կայանիր: Քաղաքապետարանը որոշել է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներ քարոզել եւ արդեն որոշման նախագիծ է մշակում: Դրա համաձայն՝ մայրաքաղաքում էլեկտրամոբիլների համար կայանումն անվճար է լինելու: Հարց է առաջանում, սակայն, թե ինչպես են Հայաստանում էլեկտրամոբիլ շահագործելու. մեր երկրում նման մեքենաների շահագործման համար համապատասխան պայմաններ չկան:

Փոխարենը քաղաքապետարանում չեն կարողանում լուծել շատ կարեւոր ու հրատապ հարց. ճանապարհների մաքրման աշխատանքները մայրաքաղաքում պատշաճ ձեւով չեն կատարվում, առանձնապես անմխիթար վիճակում են շենքերի բակերն ու երկրորդական փողոցները: Քաղաքապետարանում արդարանում են. եղանակային պայմանները դեռեւս թույլ չեն տալիս դա անել:

Հունվարի 10-ին դոլարի փոխարժեքը շարունակել է աճել, նրան է միացել նաեւ եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 8 լումա, ֆունտինը՝ 588 դրամ:

Հունվարի 11-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես առավելապես առանց տեղումների եղանակ կլինի, գիշերը եւ առավոտյան` մառախուղ: