Իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի՝ ամեն մասում ներգրավել է մեկ, որոշ դեպքերում մի քանի, պետության ռեսուրսների օգտագործմամբ եւ կոռուպցիայով հարստացած դոլարային միլիոնատերերի: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, «Ելք» դշաինքի անդրանիկ համաժողովին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
«Սովորաբար ասում են՝ պատմությունը կրկնվում է, բայց կրկնությունն ամբողջական չէ, միշտ լինում են կամ նորություններ, կամ փոփոխություններ: Եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխվում է պատմությունը, մենք ուզում ենք փոխել պատմությունն ու փակուղուց ելք տալ: Մնացածը կարող է նման լինել, նորից ընտրություններ են՝ 2003-ին, 2008-ի եւ 2013-ի նման: Հանդիպումներ, ելույթներ, խոստումներ,այս ընտրություններում մենք չենք կրկնելու՝ ինչ պիտի չանեինք, անելու ենք այն, ինչ չենք արել մինչեւ հիմա: «Ելքի» երիտասարդների մտքի ճկունությունը, տարեցների փորձն ու իմաստությունը կարող են եւ պետք է հաղթանակի երաշխիք դառնան: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն կարող են պարգեւել բոլորիս՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում: Այս ընտրությունները բնույթով եւ ձեւով բացարձակ նոր են՝ չփորձարկված: Ոչ ոք չի կարող համոզիչ, իրատեսական եւ վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա, ով ինչ արդյունք կգրանցի: Միանշանակ է, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի՝ ամեն մասում ներգրավել է մեկ, որոշ դեպքերում մի քանի պետության ռեսուրսների օգտագործմամբ եւ կոռուպցիայով հարստացած դոլարային միլիոնատերերի եւ պաշտոնյաների եւ այդ հիմքով վստահ է, որ վարչական ռեսուրսի եւ փողի ուժով հասնելու է հաջողության»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, որ իշխանությունը փորձելու է ընտրակաշառքի միջոցով հաղթանակի հասնել՝ փողով եւ վախով փորձելով առնել ընտրողների ձայնը: Սակայն, Արամ Սարգսյանի կարծիքով, այս անգամ այդ տարբերակը չի աշխատելու:
«Իմ կարծիքով, ըտրության տարբերակ իրենք չունեն, անարդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալը իրենց դեպքում չի աշխատելու: Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության եւ գալիս է, որ փող աշխատի: Իրենք այնքան են ինքնավստահ փողի տարբերակի եւ նոր ընտրակարգի վրա, որ համաձայնել են ընտրությունների վերհսկման ընդդիմության առաջարկած տարբերակներին, ներառյալ տեսնկարահանումները եւ մասնակիցների ցուցակների հրապարակումները: Նախորդ ընտրությունների նման մեռած հոգիներին բերման ենթարկելով եւ բացակաների փոխարեն ավտոբուսներով քվեարկությամբ մարդկանց բերելու վրա չէ նրանց հույսը, այս ընտրակարգով հույսը դրել են աղքատության շեմին հասցված ընտրողների ձայնը 10, 20, 50 հազարով առնելու վրա: Ընտրակաշառք վերցնողներն էլ որոշ դեպքում վերցնում են ոչ այնքան փողի կարիքն ունենալու, այլ տեղական իշխանության հալածանքներից ազատվելու համար: Փաստ է, որ ընտրության իրավունք ունեցողների գրեթե 30 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, իսկ մասնակիցների 40-50 տոկոսը պայքարող է, անկաշառ եւ խղճով քվերարկող: Եթե ընդունենք, որ մասնակիցների 45 տոկոսը վախի եւ ընտրակաշառքի պատճառով է իր քվեն տալու իշխող իշխանությանը, պետք է պասիվ եւ անկաշառ հատվածին ակտիվացնենք, որպես նրանք իրենց քվեն տան «Ելքին»»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը վստահ է «Ելքն» է այն ուժը, որը Հայաստանը դուրս է բերելու այն իրավիճակից, որում հայտնվել է այժմ:
«Բոլոր ուժերը ուենն մեկ ընդհանրություն, այդ բոլոր ուժերը սիրով եւ անձնուրաց Հայաստանը նվիրել են Ռուսաստանին եւ մեր երկրի ներկան եւ ապագան կապում են Բելառուսի, Ղազախստանի հետ: Որոշ կուսակցապետեր էլ արցախյան հարցի լուծումը առաջարկում են լավրովյան առաջարկներով, միայն թե Ռուսաստանին ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, քան գործող իշխանությունը: Այս ուժերի ընտրազանգվածը վախով եւ փողով քվեարկող 45 տոկոս ընտրազանգվածն է: «Ելքն» է այն ուժը, որը մեզ դուրս է բերելու այս իրավիճակից, հաղթում է ոչ թե նա, ով հարուստ է եւ ռեսուրսներ ունի, այլ նա, ով ոգով է ուժեղ եւ միակամ: Մենք հակված ենք անցնցում փոփոխությունների հասնելու, եւ եթե իշխանություններն ըտրեն այլ ճանապարհ, դա իրենց չի օգնելու եւ փոփոխությունը միանշանակ լինելու է , որովհետեւ հասել են ժամանակները: ինչպես ասել է եղբայրս՝ Վազգենը՝ վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձեւավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու»,-ասաց նա:











