Ինձ համար ընդդիմադիր դիրքորոշումը ոչ թե ֆիզիկական տեղ է, այլ այնուամենայնիվ մտածողության հետ կապված հարց: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի կազմում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավո Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը:
Դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանն արդեն փորձում է հակադրվել իշխանություններին եւ, կարծեք թե, ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, Փաշինյանն արձագանքեց. «Ինքը Հայաստանում այսօր ինչի՞ն է ընդդիմադիր: Ի՞նչ նեգատիվ երեւույթ կա Հայաստանում, որի ստեղծմանն ինքը չի մասնակցել: Հիմա նա կոռուպցիայի՞ն է ընդդիմադիր, թալանի՞ն է ընդդիմադիր, ՀՀԿ-ի՞ն է ընդդիմադիր»:
Նրա խոսքով, իր համար զվարճալի է փոխհրաձգությունը Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ. «Այս եղանակային պայմաններում առավել եւս նման բաները շատ զվարճալի են, մանավանդ ՀՀԿ-ի եւ Սամվել Ալեքսանյանի վստահված անձանց ներկայությամբ»,-ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով այդ պահին իրեն մոտեցած ՀՀԿ-ի տատիկին, որն իր բարձր ձայնով ընդհատեց զրույցը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ից արտահոսք կա. «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Դրանից մեկ օր անց Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր Սերժ Սարգսյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով հետեւյալը. «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»:











