ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն է ընտրել ՀՀԿ-ից հեռանալու ճանապարհը: Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում այն, որ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը լքեց կուսակցությւոնը:
«ՀՀԿ-ում շատ կարկառուն անձինք կան եւ ամեն մեկն ինք է ընտրում իր ճանապարհը»,-ասաց նա:
Տարոն Մարգարյանը ծանոթ էր նաեւ Հովիկ Աբրահամյանի՝ հունվարի 27-ին կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որով նա պատասխանել էր նախագահ Սերժ Սարգսյանին. «Էջի գրառումը շատ պարզ էր, ինչ-որ բան պետք չի բան հասկանալու համար, ամեն ինչ պարզ էր»:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ից արտահոսք կա. «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Դրանից մեկ օր անց Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր Սերժ Սարգսյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով հետեւյալը. «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»:











