Մենք շփվում ենք «Ժառանգության» մեր գործընկերների հետ եւ այդ շփման մեջ պոզիտիվ ենք տրամադրված: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԵԼՔ» դաշինքի կազմում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ «Ժառանգությունը» զուգահեռաբար նաեւ բանակցություններ է վարում «Ծառուկյան» դաշինքի եւ Օսկանյան-Դալլաքյան դաշինքի հետ, Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարող ասել ուրիշների հետ բանակցություններ վարում են, թե ոչ»:
Նա նշեց, որ այս պահին «ԵԼՔ»-ը բանակցում է միայն «Ժառանգության» հետ է, այլ ուժերի հետ շփումներ չկան:
«Մեր դաշինքի ցուցակը ձեւավորվելու է երեք կուսակցությունների ցուցակների համադրությամբ, այսինքն այդ ցուցակներում կուսակցությունները օրենքով սահմանված չափով ազատ են որոշակի տեղեր հատկացնել այլ թեկնածուների, այդ թվում անկուսակցական»,-ասաց Փաշինյանը:











