ԵԿՄ հերթական համագումարը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Մարզահամերգային համալիրում: ԵԿՄ համագումարի կազմկոմիտեի ներկայացրած այս առաջարկը հաստատվել է  այսօր՝ փետրվարի 3-ին կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստում:

Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփում, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ:

Համագումարը կընդունի բանաձեւ, որով դիրքորոշում կարտահայտի մեր երկրում առկա բոլոր կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:

Կընտրվի նաեւ վարչություն, որի առաջին նիստը տեղի կունենա հենց համագումարի դահլիճում. նորընտիր վարչության անդրանիկ նիստի օրակարգում մեկ հարց է՝ վարչության նախագահի ընտրություն:

ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը հավանության է արժանացրել նաեւ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների ծրագիրը:

Տեսանյութում ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մանրամասնում է, թե կոնկրետ ինչ խնդիրների վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտի ԵԿՄ 11-րդ համագումարը:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ համագումարին մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: