Վերջին օրերին տեղած առատ տեղումների ու սառնամանիքների հետեւանքով մայրաքաղաքի բազմաթիվ շենքերի բակերը շարունակում են մնալ հաստ մերկասառույցի տակ, իսկ փողոցների մայթերը դարձել են անանցանելի։
Երեւանի բնակիչները բողոքում են, քանի որ իրենց շենքերի բակերի, մուտքերի եւ փողոցների մայթերի մաքրման աշխատանքներ քաղաքապետարանի կողմից չեն տարվում։
NEWS.am-ի թղթակիցը շրջել է քաղաքի շենքերի բակերով, մայթերով, պարզելու՝ արդյունավետ են «Սանիտեկի» կողմից իրականացվող ձնամաքրման աշխատանքները եւ իրականացվում են արդյոք դրանք։
«Ես երբեւէ չեմ տեսել, որ մաքրեն բակը կամ մայթերը։ Մի տրակտոր միայն այսօր եկավ, մի քանի պտույտ արեց ու գնաց, բայց սառույցը մնաց»,- ասաց շենքերից մեկի բնակիչը։
Անխնամ է նաեւ շենքերի բակային տարածքների վիճակը, որտեղ հաստ մերկասառույցը ու ձնակույտերը թույլ չեն տալիս շենքի բնակիչներին իջնել բակ։ Բազմաթիվ շենքերի խողովակներ սառել են, բնակիչներին զրկելով օգտագործել ջուր, օգտվել կոյուղուց, որոշ շենքերում նաեւ վերելակից։
«Ձյունը տանիքից հալել էր, լցվել 9-12-րդ հարկերը, հետո գիշերվա սառնամանիքներից հետո նորից սառել։ Աստիճաններով չէինք կարողանում բարձրանալ, վերելակն էր միայն այսօր սկսեց աշխատել»,- ասաց բնակիչներից մեկը։











