Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ Գալուստ Սահակյանի հրավերով Հայաստան այցելի Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը (ֆոտոռեպորտաժ):
«Հավանաբար, շուտով մենք ավարտելու ենք մեր աշխատանքները, կարծում եմ` հենց Ձեր հանձնառությամբ եւ ղեկավարությամբ պետք է հրավիրենք Կարո Փայլանին Հայաստանի Ազգային ժողով, որ նա ուղերձով հանդես գա եւ այն հասցնի մեր բոլոր հայրենակիցներին: Կարո Փայլանն այս ուղերձը բարձրացնում է Թուրքիայի խորհրդարանում, որի համար էլ ճնշումների է ենթարկվում: Մենք մեր համերաշխությունը պետք է ցույց տանք Կարո Փայլանին, մեր գործընկերոջը, մեր հայրենակցին: Այս պաշտոնական հրավերը դուք պետք է անեք: Դուք պատրաստվո՞ւմ եք անել»,- այսօր` փետրվարի 6-ին, խորհրդարանում ասաց Զարուհի Փոստանջյանը` դիմելով ԱԺ նախագահին:
Գալուստ Սահակյանը նկատեց` հարցը պետք է քննարկել, վերլուծել. «Պետք է տեսնենք` ձեռք տալիս է նրա այցը Հայաստան եւ մենք ինչ ենք ուզում դրանով առաջ քաշել: Միտքը լավն է, ընդունելի է, սակայն քաղաքական խնդիր կա, պետք է նաեւ այդ մասին խոսենք»:











