Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորում է գործարար Արտակ Սարգսյանին պարզաբանել ահազանգերը, թե ինքը ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցներին պահանջում է վերագրանցվել այն ընտրական տարածքում, որտեղ ինքը մտադիր է տարածքային ցուցակով առաջադրվել (ֆոտոռեպորտաժ):

«Պարոն Արտակ Սարգսյան, բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցներին պահանջում եք դուրս գալ գրանցումից եւ վերագրանցվել այն ընտրական տարածխքում, որտեղ դուք առաջադրված եք: Ես ձեր անունը տվեցի, որ Դուք հնարավորություն ունենաք հերթագրվել եւ պարզաբանել` այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ»,- այսօր` փետրվարի 6-ին, խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նաեւ կոչ արեց այն քաղաքացիներին, որոնք նման տեղեկություն ունեն, դիմեն իրենց, որ կարողանան զբաղվել ահազանգերով:

Արտակ Սարգսյանը  փորձում էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, սակայն այդպես էլ չկարողացավ միացնել խոսափողը: Նա տեղից բարձրաձայն միայն հայտարարեց, որ այդ տեղեկություններն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: