Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հվանդասենյակից:

Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների եւ պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Երեւանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը:

Նա կալանավայրում էր նախորդ տարվա ապրիլի 10-ից: 38-ամյա Սուրեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գողության եւ գողության փորձի հատկանիշներով:

Ոստիկանները նրան հայտնաբերել են «Օպել» ավտոմեքենայի մեջ: Տաքսու վարորդ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Դոդորյանի խուզարկությամբ հայտնաբերվեց 20 եւ 25 սմ երկարությամբ, գաղտնի փականով ծալովի դանակներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Անդրանիկ Դոդորյանը բաց է թողնվել, իսկ փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը ձերբակալվել է:

Կատարվում է քննություն: