Ինչո՞վ են պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կոշտ հակաիրանական հայտարարությունները, ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ իրան–ամերիկյան հարաբերություններում լարվածության հնարավոր աճը Հայաստանի համար, ի՞նչ սպասել Թրամփի անկանխատեսելի վարչակազմից. այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։
Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ նախագահ Թրամփի կոշտ հակաիրանական hռետորաբանությունը, և ինչի՞ կարող է այն հանգեցնել: Կարծում եք՝ ԱՄՆ կգնա՞ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերանայման:
Ես չեմ կարծում, որ կլինի վերանայում, որովհետև միջուկային համաձայնագրում ներգրավված են ոչ միայն ԱՄՆ–ը և Իրանը, այլեւ մի շարք այլ պետություններ, որոնք մասնակցություն են ունեցել և կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը՝ Թրամփի վարչակազմը, չի գնա Միացյալ Նահանգների վարկը վտանգելու ճանապարհով։
Ես կարծում եմ, որ ԱՄՆ–ի և Իրանի միջեւ լարվածությունը դեռ կարող է մեծանալ, բայց նման արմատական փոփոխություններ չեմ սպասում։
Ինչո՞ւ են հարաբերությունները սրվել։ Դա, իհարկե, լավ չէ, բայց ինչ-որ առումով կանխատեսելի էր, որովհետև Բարաք Օբաման հայտնի էր Իսրայելի ղեկավարության հետ իր բավական լարված հարաբերություններով, հատկապես քաջ հայտնի է, որ Բենյամին Նաթանյահուի հետ շատ սուր էին անձնական հարաբերությունները, և Միացյալ Նահանգների իսրայելական լոբբիում ոչ բոլորն էին կարծում, որ Բարաք Օբաման բարեկամաբար է տրամադրված Իսրայելի նկատմամբ։ Մինչդեռ Թրամփը իր նախընտրական արշավի ընթացքում արդեն փորձում էր ընդգծել իր պրոիսրայելական դիրքորոշումը և հակադրում էր դա նախագահ Օբամային։ Իհարկե, դա առաջին հերթին արվում էր նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Բայց, ինչպես տեսնում ենք, նախագահ Թրամփը փորձում է կատարել իր գրեթե բոլոր նախընտրական խոստումները և այս առումով նույնպես, քանի որ անվերապահ աջակցություն էր հայտնել Իսրայելին, փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ, որ պատրաստ է պաշտպանել Իսրայելի շահերը Իսրայելի ղեկավարության ամենաոխերիմ թշնամու՝ Իրանի հետ հարաբերություններում։
Բավական բարդ իրավիճակ է։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նկատի ունենալ, որ Թրամփի վարչակազմում բավական շատ են պրոիսրայելական ամերիկյան քաղաքական գործիչները, որոնք բավական արմատական հայացքներ տարբեր հարցերում։Կարծում եմ, որ Իրանի հետ հարաբերությունների վատացումը պետք է նախ և առաջ դիտարկել այս համատեքստում, հետո արդեն՝ ավանդական իրան–ամերիկյան, մեղմ ասած, ոչ շատ բարեկամական հարաբերությունների համատեքստում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ առաջիկայում ավելի մեծ սրման ականատես դժվար թե լինենք։ Բայս սա չափազանց դինամիկ վարչակազմ է, որը ամեն օր ինչ-որ նոր ալիք է բարձրացնում իր այս կամ այն գործողություններով, և ինչպես գրեթե միշտ այս վարչակազմի մասին խոսելիս ասում եմ՝ պետք է սպասել և տեսնել։
ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշման վերականգնումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:
Նախ ասեմ, որ որևէ լավ հետևանք դա չի կարող ունենալ ոչ մեկի համար՝ ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ, իհարկե, Հայաստանի համար։ Հայաստանն ընդհանրապես գործոն չէ միջազգային քաղաքականությունում և, ցավոք սրտի, Հայաստանն ինքն է իրեն այդ իրավիճակի և կարգավիճակի մեջ դրել։ Բայց դա, իհարկե, այլ թեմա է։ Հետևաբար, չլինելով գործոն՝ Հայաստանը ենթակա է իր շրջապատի յուրաքանչյուր ալիքից տաշեղի պես լուրջ ճոճվելու և անգամ խորտակվելու, այդպիսի վտանգ էլ կա անշուշտ։ Եթե Իրանը ապակայունանա և եթե, Աստված մի արասցե, նոր պատերազմ առաջ գա այս պահին ինչ-որ ֆանտաստիկ սցենարով, ապա դա չի կարող չազդել Հայաստանի վրա, և կարծում եմ, որ կարող է չափազանց ողբերգական լինել, քանի որ Հայաստանն Իրանի անմիջական հարևան է և այդ երկրի հետ ունի բավական նորմալ հարաբերություններ։
Միջազգային ԶԼՄ-ներում շրջանառվում է վարկածը, որ ԱՄՆ–ը Մոսկվայից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու դիմաց դադարեցնել օժանդակությունը Իրանին: Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է լինել նման զարգացում, և արդյոք Մոսկվան կգնա՞ այդ քայլին։
Ամեն բան հնարավոր է, բայց ես չգիտեմ՝ որտեղից այն տեղեկությունը, որ Մոսկվան ջանադրաբար օժանդակում է Իրանին։ Իրանը բավական անկախ և ինքնուրույն քաղաքականություն է վարում, ընդ որում, տարբեր հարցերում Մոսկվայի և Իրանի տեսակետները տարբերվում են միմյանցից և, որքան տեղյակ եմ, իրանցիներն իրենց դիրքորոշումը բավական ամուր կերպով փորձում են պահպանել։ Այնպես չէ, որ Ռուսաստանն ունի առաջնային դեր, և Իրանը կախվածություն ունի Ռուսաստանից, դա ամենևին այդպես չէ, վստահ եմ։ Այնպես որ, ես ամենևին չեմ բացառում, որ Սիրիայի հարցում ԱՄՆ–ը և Իրանն անգամ կարող են համագործակցել, որովհետև դա նույնպես հայտնի է նախագահ Թրամփի նախընտրական արշավից, երբ ասվում էր, որ պետք է համագործակցել անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, նախ և առաջ «Իսլամական պետությանը» և մնացած ահաբեկչական կազմակերպություններին ոչնչացնելու համար։ Եվ, իհարկե, Իրանը այն երկու կամ թերևս երեք կարևոր ուժերից մեկն է Սիրիայում, որը կոնկրետ պայքարում է սուննի սալաֆիստական ծայրահեղական գաղափարախոսության կրողների դեմ։ Եվ այդ առումով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի համագործակցությունը դադարեցնի, ես համարում եմ ուղղակի անհնար է տվյալ պարագայում։ Եթե խոսքը վերաբերում է մնացած բնագավառներին, դժվարանում եմ ասել, դրանք պալատական վարագույրի ետևում կատարվող իրադարձությւոններ են, որոնց մասին մասնագետները և հանրությունը իմանում են պոստ ֆակտում՝ կատարվելուց հետո։ Դարձյալ ասեմ, պետք է սպասենք և տեսնենք։
Ընդհանուր առմամբ, վերլուծելով ԱՄՆ նոր նախագահ Թրամփի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը, հայացքներն ու քայլերը, ըստ Ձեզ, ո՞րն է նրա իրական նպատակը, ի՞նչ է ուզում անել Թրամփը ամերիկացիների համար:
Make America Great Again. սա Թրամփի կարգախոսն է, որը, իհարկե, իրեն չի պատկանում, դա Ռոնալդ Ռեյգանի խոսքն է։ Թրամփն ունի այդ պարզ գաղափարը՝ Միացյալ Նահանգները վերադարձնել իր նախկին փառքին։ Դժվարանում եմ ասել, թե թե կոնկրետ որ շրջանի ԱՄՆ—ն է Թրամփը ցանկանում վերադարձնել, բայց ամեն դեպքում նրա ջանքերն ուղղված են ամերիկակենտրոն քաղաքականության ուղղությամբ, և իր երդմնակալության արարողության ժամանակ էլ նոր նախագահը հենց այդպես ասաց՝ America First, այսինքն՝ առաջինը Ամերիկան։ Դա, իհարկե, որոշակի մտավախություններ առաջացրեց համաշխարհային առաջնորդների մոտ, բայց բավական դժվար է հիմա որևէ կանխատեսում անել, քանի որ սա ամենաանկանխատեսելի վարչակազմերից մեկն է և անկանխատեսելի էր նաև նրանով, որ անմիջապես սկսեց իրականացնել իր տված խոստումներից մի քանիսը երդմնակալությունից արդեն երկու շաբաթ հետո։ Դա գրեթե աննախադեպ երևույթ է։ Թե ինչպես կզարգանա ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, չափազանց դժվար է հիմա ասել։ Բայց պետք է մի բան նկատի ունենանք, որ վարչակազմի առանցքային դեմքերը, մասնավորապես, պետքարտուղարը և մնացած այլ անձինք դեռևս չեն դրսևորվել իրենց պաշտոններում և դեռևս հստակ քաղաքական ուղղություն ցույց չեն տվել։ Մենք տեսնում ենք, որ խնդիրներ են առաջացել արդեն այս երկու օրը ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական գեներալ Ֆլինի հետ՝ Ռուաստանի դեսպանի հետ մինչև նախագահ Թրամփի երդմնակալությունը ունեցած նրա հեռախոսազրույցի առնչությամբ, որը կարծես թե չափազանց լուրջ խնդիր է դառնում ԱՄՆ-ում և կարող է հսկայական սկանդալի վերածվել։
Քանի դեռ վարչակազմը տարբեր քաղաքական փոթորկալից գործընթացների մեջ է, չափազանց դժվար է հասկանալ, կռահել, գուշակել, թե ինչ կլինի։ Ես, իհարկե, հետևում եմ Հայաստանի վերլուծական և քաղաքական դաշտին և տեսնում եմ, որ շատերը փորձում են կանխատեսումներ անել։ Անկեղծ ասած՝ այդ ամենը օդ է, որովհետև Միացյալ Նահանգներում չեն հասկանում, թե ինչպիսին է լինելու երկրի կուրսը տարբեր ուղղություններով։ Ինչպե՞ս կարող են Հայաստանում կանխատեսումներ անել Հարավային Կովկասում հետագա քաղաքականության կապակցությամբ։ Նորից եմ ասում, պետք է սպասել։ Նորից կրկնեմ՝ Թրամփը և նրա վարչակազմն ունեն մեկ գաղափար՝ հզորացնել Միացյալ Նահանգները, դարձնել անվտանգ և փորձել միացյալ ուժերով Միացյալ Նահանգները բերել նախ և առաջ տնտեսական աննախադեպ հզորության։ Խնդիրը մեթոդների մեջ է, թե ինչ մեթոդներով են պատրաստվում անել, և կհաջողվի դա արդյոք, որովհետև կա ռիսկ, որ դա կարող է տապալվել, և տապալումը կարող է, ցավոք սրտի, տեսականորեն չափազանց վտանգավոր լինել հենց Միացյալ Նահանգների տնտեսության և ներքաղաքական կյանքի համար։ Դարձյալ պետք է սպասենք և տեսնենք։











