Ամերիկյան Օստինում United Airlines ավիաընկերության կին օդաչուին չվերթից հեռացրել են իր ամուսնալուծության եւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների մասին երկար ճառից հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ կինը, որը պետք է Օստին-Սան Ֆրանցիսկո չվերթն իրականացներ, սովորական հագուստով հայտնվել է օդանավի սրահում եւ ներքին կապով դիմել ուղեւորներին:

Կինը հայտարարել է, որ չի քվեարկել ո՛չ Թրամփի, ո՛չ Քլինթոնի օգտին, քանի որ երկուսն էլ «ստախոս» են:

«Ներեցեք, ես հիմա ապահարզանի գործընթացի մեջ եմ»,- հավելել է նա:

Ուղեւորներից Ռենդի Ռայսը Twitter-ում գրել է. «Ցնցված եմ: Ես հեռացա United Airlines-ի 455 չվերթից, քանի որ օդանավի հրամանատարը հասկացրեց, որ լավ հոգեվիճակում չէ»,- գրել է նա:

Միջադեպի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: Դրանում երեւում է, որ օդաչուն նախ ասում է, որ օդանավը կառավարելու է երկրորդ օդաչուն՝ տղամարդ, իսկ Ռայսին հարցնում է, արդյո՞ք չի նեղացրել նրան:

Ռայսից հետո ուղեւորների շուրջ կեսը դուրս է եկել օդանավից, իսկ հետո կին օդաչուին հեռացրել են չվերթից: Չվերթն իրականացվեվլ է շուրջ մեկուկես ժամ ուշացումով: