Ես ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից եւ իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Օհանյան-Րաֆֆի–Օսկանյան դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իրենց դաշինքի ձեւավորման հարցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազդեցությանը։

«Ես ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից եւ իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, չնայած նրան, որ գիտեք՝ ես որտեղից եմ եղել, իմ գործունեության մեջ ես էլ չեմ ազդել որեւէ կուսակցության ու որեւէ անհատի վրա: Բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ քննարկումների, առաջարկությունների շրջանակում։ Այն որ ասվում է՝ Սամվել Բաբայանը մեծ դերակատրություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»,–ասել է Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է դաշինքի՝ իշխանափոխություն իրականացնելու ծրագրերին, նա ասել է. «Ոչ միայն այս դաշինքը, այլ յուրաքանչյուր կուսակցություն եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ գնում են իշխանություն ձեւավորելու, նույն էլ մենք գնում ենք իշխանություն ձեւավորելու։ Իշխանության ձեւավորման ընթացքում, որոնք որ կարողանան ժողովրդի քվեն ձեռք բերել,  հենց նրանք էլ պիտի լինեն իշխանության տերը։ Այն որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ միայն ես եմ այդպես կարծում, այլեւ ժողովրդի 90 տոկոսը»։

Ավելի վաղ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքայանը հայտարարել էր, որ Սամվել Բաբայանը իր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ձեւավորվող դաշինքի ցուցակը, որտեղ ինքը չի եղել առաջին 10-յակում: Նա պնդել է, որ Սամվել Բաբայանը կուլիսային գործընթացներ է վարել: