Երեւանում այսօր` փետրվարի 13-ին, երիտասարդները նշեցին Տեառնընդառաջը: Եկեղեցիներում, բակերում եւ այգիներում վառված խարույկի շուրջ հավաքվել էին երիտասարդներ թե Երեւանից, թե հանրապետության մարզերից: Վառված մեծ խարույկի շուրջ երիտասարդները ազգային երգ ու պարով նշեցին տոնը, այնուհետեւ ներկաները թռան կրակի վրայով, որը զույգերի դեպքում հավերժ սիրո երաշխիք է համարվում (ֆոտոռեպորտաժ):
Տեառնընդառաջ նորապսակներին նվիրված հայկական տոն է: Նախապես Տյառնընդառաջը հեթանոսական տոն է եղել եւ կոչվել է Տրընդեզ, որը լավ բերքի մաղթանք է:
Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, փոխվեց նաեւ տոնի անվանումն ու էությունը: Տոնի գլխավոր մասնակիցները դարձան պատանիներն ու աղջիկները. նորապսակները կամ նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ:
Տոնի գլխավոր բաղադրիչներից է խարույկը, որի վրայով ցատկում են սիրահար զույգերը: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել՝ առանց ձեռքերը բաժանելու, ապա ընտանիքն ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ: Նրանց հետեւից խարույկի վրայով ցատկում են երեխա չունեցող կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի հղիանալ: Վերջում բոլորը ձեռք-ձեռքի շուրջպար են բռնում:











