Երկրապահ կամավորականների միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դեմ չէ, որ ընտրությունները տեղի ունենան ապրիլի 2-ին` ապրիլյան զոհերի հիշատակի օրը:

Այսօր` փետրվարի 18-ին, ԵԿՄ 11-րդ համագումարից հետո NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչքանով է ճիշտ ընտրությունները նշանակել ապրիլի 2-ին, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Եթե մենք պիտի օրերով ցավակցենք կամ հիշենք, պիտի 2000 տարի հետ գնանք, ըտենց օր չի եղել, որ չեն սպանել, չեն մորթել հայ: Ապրիլի 1-ի լույս առավոտվանից ա սկսել գործողությունը, ոչ թե 2-ից, երբ ծերունիներին մորթել են Թալիշում, հետո մտել են պոստերը, հետո մինչեւ ամսի 6-ը, 7-ը, 8-ն ավելի շատ զոհեր ենք տվել, քան ամսի 1-ին, 2-ին, որովհետեւ էդ օրը հարձակվել են պոստերի վրա մենակ: Ամսի 4-ից հետո ավելի ծանր պատերազմ ա եղել, կռիվ ա եղել իսկական, ըտենց որ լինի, պիտի ընտրություն չանենք, էդ օրը էս ա եղել, էն օրն էն ա եղել… Ըտենց բաներ ասելը, քննադատելը պարապ մարդու գործ ա: Ասեմ ավելի կոպիտ, հումորով. էն որ մեկն ուզում ա հարսին բան ասի, ասում ա` ավելը չի իրար տալիս, քամակն ա իրար տալիս, հիմա որ ուզում են իշխանություններին բան ասեն, պիտի ասեն` ոչ թե ավելը լավ չի անում, այլ քամակն ա իրար տալիս»:

Գեներալը վստահ է, որ եթե ապրիլի 4-ին ընտրություն նշանակվի, մի պատճառ կգտնեն, որ քննադատեն:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, եթե մասնակից բոլոր ուժերը գան համաձայնության: