ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող գրասենյակներից խոշոր չափերով գողություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ.հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ից մինչեւ հունվարի 6-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) մուտք են գործել Երեւան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող երկու տարբեր ՍՊԸ-ների գրասենյակներ եւ հափշտակել համակարգչի մոնիտորներ, գունավոր պրինտեր, ռեժիսորական վահանակ եւ դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է նաեւ, որ նույն օրը երկու երիտասարդ փորձել են կոտրել նշված շինությունում գտնվող սուրճ պատրաստող սարքավորումը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը փայտով փորձում կոտրել սուրճ պատրաստող սարքավորումը, ապա՝ տեսախցիկը, իսկ մյուս երիտասարդը՝ հետեւում ընթացքին:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում են տեսանյութում պատկերված երիտասարդներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:













