Փետրվարի 19-ի՝ ժամը 5:40-ի սահմաններում, 1-02 զանգահարած քաղաքացուհին հայտնում էր, որ քիչ առաջ գողացել են իր բջջային հեռախոսը։ Դեպքը տեղի էր ունեցել Հրաչյա Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում։ Ոստիկաները զննեցին դեպքի վայրը, կատարեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տուժողի խոսքով՝ երիտասարդը մտել էր սննդի կետ ինչ-որ ուտելիք պատվիրել եւ մինչ ինքը կգրանցեր պատվերը, նա հափշտակել էր սեղանին դրված բջջային հեռախոսը, նստել ինչ –որ մեքենա ու փախել։
Ոստիկաններից ժամեր պահանջվեց կասկածյալներին բերման ենթարկելու համար։ 1996թ. ծնված Հակոբ Հովհաննիսյանն ու 1997թ. ծնված Արամ Վարդանյանը բաժնում խոստովանեցին կատարածը. «Հրաչյա Քոչարի բիստրոյից մի հատ հեռախոս եմ վերցրել, մեկ էլ փորձել եմ երկու հոգուց սումկա գողանալ»։
Անձնական խուզարկությամբ Վարդանյանի մոտից հայտնաբերվեց հափշտակված բջջային հեռախոսը։ Բացի այս դեպքից, երիտասարդները խոստովանեցին Երեւանի տարբեր թաղամասերում կատարած եւս երկու կողոպուտ՝ մեքենա էին վարում ու շրջում, մեկը հափշտակում էր , մյուսը՝ մեքենան վարում։
Ոստիկանները կասկածներ ունեն ,որ Հակոբ Հովհաննիսյանի եւ Արամ Վարդանյանի հանցավոր գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։











