«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի խնդրի հետ կապված զինտեխնիկայի չաշխատելու դեպքերով պետք է հակահետախուզությունը զբաղվի՝ պարզելու ինչ է իրականում տեղի ունեցել: Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դա յուրաքանչյուրի անվտանգության դեմ ուղղված քայլ է, որի բացահայտմամբ պետք է ոչ միայն իրավապահ մարմինները զբաղվեն, այլեւ՝ հակահետախուզությունը:
«Ի՞նչ է նշանակում 21-րդ դարի Հայաստանում այսպիսի անվտնագային միջավայր ունեցող երկրում ինչ-որ զինտեխնիկա կարող է չգործարկվել: Դա մեզնից յուրաքանչյուրի անվտանգության դեմ ուղղված գործողություն է եւ պետք է հետաքննվի: Այստեղ խնդիր կա ոչ միայն իրավապահ մարմինների հետ կապված, այլեւ հակահետախուզությունն էլ շատ ուշադիր պետք է լինի, քանի որ դեռ պետք է պարզել՝ ինչպես են ծագել էդ դեպքերը, արդյոք սովորական կրիմինալ է, թե հակահետախուզությունն էլ գործ ունի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին սկանդալային հայտարարություն էր արել: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:
«Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,-ասել էր Կարեն Կարապետյանը:











