Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանատանը փետրվարի 6–ին մահացած ՀՀ քաղաքացի, 32–ամյա Դավիթ Բարսեղյանի հարազատները Շվեդիայի իշխանություններից պահանջում են գործով արդար քննություն իրականացնել եւ պատժել մեղավորներին։ Նրանք նման պահանջով դիմում-նամակ են հանձնեցին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատուն։
«Նամակում պահանջել ենք, որ դեսպանն օգտագործի հնարավոր բոլոր լծակները, որպեսզի Շվեդիայում չկոծկվի գործը և պատժվեն մեղավորները»,– NEWS.am–ի հետ հետ զրույցում ասաց Դավիթ Բարսեղյանի եղբայր Լյուդվիգ Բարսեղյանը։
Հարազատներին անձամբ ընդունել է Շվեդիայի դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, որը վստահեցրել է, որ Շվեդիայի իշխանությունները կանեն հնարավորը՝ արդար քննություն ապահովելու համար։
Փետրվարի 6–ին մահացած Դավիթ Բարսեղյանի մարմինը Հայաստան են տեղափոխել փետրվարի 23–ին։ Հարազատների խոսքով՝ Հայաստանում նրա մարմինը դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել։
Բարսեղյանների փաստաբանը Շվեդիայի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել։ Նրանք հույս ունեն, որ դա հիմք կհանդիսանա, որպեսզի կատարվածի առնչությամբ քրեական գործ հարուցվի եւ ոստիկանները, որոնց անտարբերության հետեւանքով է, ըստ հարազատների, մահացել 32–ամյա տղամարդը, պատժվեն։
Մահացածի հարազատների Գագիկ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածը բազմաթիվ հարցեր է ծնում, օրինակ՝ ինչու դեպքի առնչությամբ որեւէ ոստիկան չի հարցաքննվել, ինչու է Շվեդիայի դատախազությունը հրաժարվում գործ հարուցել, ինչու իրենց չեն տրամադրում Դավիթի խցի տեսագրությունը, ինչու վատ ինքնազգացողությամբ Դավիթի համար մոտ երկու ժամ բժիշկ չեն կանչել, թարգմանիչ չեն տրամադրել։ Հարազատների մոտ կասկած է հարուցել նաեւ փաստը, որ Շվեդիայի իշխանությունների տրամադրած մահվան եզրակացությունում գրված է, որ Դավիթը երեք տեղից ուղեղի կաթված է տարել, սակայն չի նշվում մահվան պատճառը, ավելին, նշվում է, որ զննությամբ նրա մարմնի վրա չի հայտնաբերվել բռնության հետքեր, որոնք կարող էին տանել մահվան։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:
Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է:

Շվեդ ոստիկանների փոխանցմամբ, Դավիթի ինքնազգացողությունը վատացել է ոչ թե մեքենայում, այլ գիշերը, բանտախցում. մինչեւ առավոտյան բժիշկները եկել են, արդեն ուշ է եղել։
Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա՝ 3 եւ 4 տարեկան:











