Ծեծի են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: Դեպքը տեղի է ունեցել Աթանեսյանի գրասենյակում: Փաստաբանները մարմնական վնասվածք են ստացել: Կարծում են՝ պատճառը փաստաբանների պալատի հետ ունեցած տարաձայնություններն են:
Հարձակվողները չորսն են եղել՝ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանը եւ Վրեժ Խաչիկյանն ու եւս մեկ անձ: Տուժածները վստահեցնում են, որ անձնական որեւէ խնդիր չեն ունեցել հարձակվողների հետ: Ծեծի ենթարկվածները կատարվածի մեջ մեղադրում են Փաստաբանների պալատի նախագահին:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշում է, որ իրենք վաղուց են բարձրաձայնել Փաստաբանների պալատում տիրող իրավիճակի մասին: Այստեղ անառողջ մթնոլորտ է, լինում են իրավիճակներ, երբ անընդհատ փաստաբաններին կոնֆլիկտի են դրդում: Գիտեին, որ այդ ամենը լուրջ հետեւանքներ է ունենալու, քանի որ պալատում նորմալ մարդկային, իրավական դաշտում փոխհարաբերությունների ունակ չեն:
Հայաստանի փաստաբանների պալատն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ուսումնասիրում է փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը: Պալատի նախագահը նաեւ հորդորել է զերծ մնալ զգացմունքային եւ չստուգված հայտարարություններից ու միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձեւավորել:
Մայիսին քննարկվելու է կառավարության 6-ամսյա ծրագրի իրականացումը: Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել ծախսերին, կրճատել ավտոմեքենաների թիվն ու հրաժարվել շքեղության մյուս դրսեւորումներից:
Իսկ այսօր գործադիրը հաստատել է աղետի գոտու բնակավայրերի անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների ծրագիրը: Դեռեւս 653 ընտանիք բնակարանային խնդիր ունի: 2017 թվականի պետբյուջեով 560 մլն դրամ է հատկացվելու: Նարեկ Սարգսյանի հավաստմամբ՝ այդ գումարով 100 ընտանիք բնակարան կունենա, որոնցից 90-ը՝ Գյումրիում:
40 մլն դրամ էլ կառավարությունը կհատկացնի Ջերմուկի բարեկարգման համար: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ շենքերի տանիքներ ու մուտքեր կվերանորոգվեն, ճանապարհներ ու քաղաքային զբոսայգիներ կբարեկարգվեն: Նշենք, որ մարզերի քաղաքների բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր: Ասիական զարգացման բանկից դրա համար 50 մլն դոլարի վարկային միջոցներ են ներգրավվել: Այս տարի բարեկարգման ծրագրում ընդգրկված են Վանաձորը, Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիլիջանը եւ Աշտարակը:
Կառավարության աշխատակազմը դժգոհություններ է ստացել քաղաքացիներից՝ կապված վարկերի վաղաժամ մարման դեպքում տուգանքների գանձման հետ: Կարեն Կարապետյանն առաջարկում է մեխանիզմներ ստեղծել, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Կենտրոնական բանկի նախագահից հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ կարող է անել այդ ուղղությամբ:
Տոնավաճառների առեւտրականները մի քանի օր գործադիրի շենքի առջեւ ցույց էին անցկացնում: Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներն ընդունել են նրանց, եւ վարչապետին հետաքրքրում էր, թե ինչ է քննարկվել ու ինչ լուծում են գտել խնդիրներին: Վարդան Հարությունյանը նշել է, որ հարկային տեսուչներն ընդամենը ստուգումներ էին անցկացնում, ոչ ոք չի տուգանվել:
Վարչապետն էլ դժգոհել է անտառների կառավարումից: Կարծում է, որ դրանց պահպանման համար նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, նաեւ պետք է խստացնել ապօրինի անտառահատման դեմ պայքարը:
Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր «Ելք» դաշինքի քարոզիչների հետ Արաբկիրում էր: Կրկին շրջել են բակերում, իրենց բուկլետները բաժանել, բնակիչներին հավաստել՝ «Ելք» կա: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը դժգոհել է հասարակական տրանսպորտի վիճակից, ինչի պատճառը, ըստ նրա, այն է, որ Տարոն Մարգարյանը երբեք չի երթեւեկում տրանսպորտով: Դրա վիճակի մասին պատկերացում կազմում է միայն մեքենաներով երթեւեկող եւ վերելակով իր մոտ բարձրացող զեկուցողներից:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներն ավելի մարդաշատ, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ի տարբերություն իրենց՝ գործող քաղաքապետը վարչական ռեսուրսն է օգտագործում: Արաբկիրի բնակիչներից մեկը Փաշինյանին խնդրել է օգտվել իրենց շենքի վերելակից՝ համոզվելու համար, թե որքան անմխիթար վիճակում է այն: Մինչ վերելակ նստելը Փաշինյանը հրաժեշտ է տվել թիմակիցներին՝ նշելով, որ «Տարոն Մարգարյանի մահվան վերելակն է փորձարկում»:
Իսկ Տարոն Մարգարյանն այսօր Նոր Նորքում էր: Բնակիչները քաղաքապետին դժգոհել են շենքերի անմխիթար վիճակից: Մարգարյանը համատիրություններին է մեղադրել: Ասում է՝ դրանք վատ են աշխատում, բացի այդ՝ դրանք արդեն սպառել են իրենց, հարկավոր է փոխել շենքերի կառավարման մոդելը: Իրենց ծրագրում այդ կետը ներառված է:
Երեւանի թիվ 147 դպրոցն անվանափոխվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Որոշումը կայացվել էր Երեւանի ավագանու երեկվա նիստում: Աբաջյանը սովորել է հենց այս դպրոցում: Կրթօջախի բակում նաեւ երիտասարդ հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել, որը նախաձեռնել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Ռազմական գործողությունների առաջին գիշերը կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները կենաց-մահու պայքար են մղել՝ մի քանի անգամ հետ շպրտելով հակառակորդի ուժերին: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը՝ վիրավորվել: Երբ հակառակորդը մոտեցել է վերջին խրամախորշին, Ռոբերտը պարզել է իր մոտ մնացած միակ նռնակը՝ հանձնվելու նշան անելով, բայց պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:
Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 13-ամյա մի երեխա հրազենային վիրավորում է ստացել: Փոքրիկի ուղղությամբ պատահաբար կրակել է համագյուղացին՝ ապօրինի պահվող որսորդական երկփողանի հրացանից: Տղան Փոքր Վեդիի բնակիչ է, 7-րդ դասարանի աշակերտ: Իրավապահները հայտնաբերել են հրացանը, փաստի առիթով հետաքննություն է սկսվել:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել: 42-ամյա Ռաֆայել Թադեւոսյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանած բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կալանավորի մահվան պատճառները պարզելու համար: Ըստ տեղեկությունների՝ հոր մահվան լուրն իմանալուց հետո Թադեւոսյանի 22-ամյա որդին փորձել է ինքնասպանություն գործել՝ սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ հասցնելով իրեն:
Ապրիլի 27-ին դոլարն աննշան թանկացել է, եվրոն եւ ռուբլին՝ էժանացել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 528, ռուբլունը՝ 8 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 625 դրամ:
Ապրիլի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:











