Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր՝ մայիսի 2–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առողջական վիճակը դեռ բավարար չէ քաղաքականությամբ զբաղվելու համար, սակայն դա չի խանգարում  հետաքրքրվել հայրենակիցների սոցիալական վիճակով։

«Բայց հիվանդանոցում էլ հանգիստ չեմ կարող պառկած մնալ։ Մեկ էլ տեսնում եմ՝ մի հարցով օգտակար կարող եմ լինել, մի քանի անգամ գիշերը արթնացել եմ իմ խորհրդականին ասել՝ այս ընտանիքին բնակարան առել տվեք, մեկ էլ տեսնեմ՝ հինգ եղբոր տունը պաժար է ընկել, ասում եմ՝ ինչ նման են մեր հինգ եղբորը, օգնություն ցույց տվեք։ Ես չեմ դադարում իմ հնարավորության սահմաններում լինել ձեր կողքին, օգնել մարդկանց»,–ասել է Արա Աբրահամյանը։

Արա Աբրահամյանը նշել է, որ միասնական ուժերով պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն Հայաստանում ներդրումներ անելու համար, հաշվի առնեն գործարարների մտածելակերպը  եւ գործնական քայլեր անել։

Նա դժգոհել է, որ Հայաստանի լրագրողները իր դեմ այնպիսի հոդվածներ են գրում, որոնք իր հեղինակության վրա բացասաբար են անդրադառնում։

«Դուք այնպիսի բաներ եք անում, որ ձեր տված վնասը չափ չունի։  Ադրբեջանցիք ինձ, հայերի միությանը այն քան չեն վնասում, ինչքան Հայաստանի թղթակիցները՝ անբախտ անբախտ... երբ որ գրում եք անհասկանալի բաներ, այնտեղ կարդում են, ինձ ասում են՝ պարոն նախագահ, ես նկատի ունեմ մեր նախագահին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչին, ասում են՝ հլը տեսեք՝ ում եք նշանակում Ռուսաստանի ինֆորմացիոն կամիսիայի խորհրդի նախագահ, Արա Աբրահամյանի մասին տեսեք՝ ինչեր են ասում,  իր մասին, իր ընտանիքի մասին եւ ցիտատ անում անբախտ մարդկանց.. մենակ բախտ չունեցող  մարդը կարող է նման բան գրել»,–դժգոհել է Արա Աբրահամյանը։