Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, որ եթե ազատ մրցակցային պայմաններ լինեն, ներդրումները շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները կան, սակայն հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար իրենք անընդհատ քայլեր են ձեռնարկում, դա շարունակական գործընթաց է:

Նա չհամաձայնեց, որ ներդրողների համար Հայաստանի շուկան գայթակղիչ եւ հավասար չէ. «Ներդրողները կգայթակղվեն, կգան Հայաստան, կտեսնեք ու կհամոզվեք, պետք է ավելի լավատես լինել»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, նախարարն ասաց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»: Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներդրումներին, նա ասաց, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, եվրոպական երկրներից բազմաթիվ գործընկերներ այցելում են Հայաստան:

Ինչ վերաբերում է ներդրողների ակումբին, Սուրեն Կարայանն ասաց. «Ներկայումս Հայաստանի ներդրողների ակումբի ուսումնասիրությունները մոտենում է ավարտին եւ մոտ ժամանակ իրենք կհրապարարկեն, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ: Դեռ կես տարին առջեւում է, որը քիչ չէ»,-հավելեց նա: