Հունիսի 23-ի գիշերը դիմակավորված, ատրճանակով զինված մի երիտասարդ ներս էր մտել, մոտեցել գանձապահին եւ սպառնալով նրանից պահանջել էր դրամարկղի գումարը: Անվտանգության աշխատակիցները կանխել էին նրան, հանել դիմակը, վերցրել ատրճանակը: Փորձել էին բռնել, չէր հաջողվել:

«Դիմակով, զենքով մտավ խանութ, պահանջեց կասիրից դրամարկղի գումարը եւ մենք անվտանգության տղաների հետ փորձեցինք նրան պահել, բայց նա փախուստի դիմեց»,-պտմել է ականատեսներից մեկը:

Մեկ այլ ականատես կին էլ պատմել է. «Ատրճանակի հարվածով խփեց համակարգչի մոնիտորին, մոնիտորը վնասեց, սակայն նա չկարողացավ գումար հափշտակել»:

Իրավապահները պարզել են, որ դիմակավորված անձը Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի բնակիչ Գեւորգ Ս.-ն էր: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Վրաստանի իրավապահներին հետ համագործակցության արդյունքում հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանի տարածքում եւ տեղափոխվել Հայաստան:

Օդամղիչ գազային ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Գեւորգ Ս.-ն կալանավորված է: