Իշխանությանը հարմար բուհերի ռեկտորները կարող են պաշտոնում մնալ թեկուզ մինչեւ 80 տարեկանը, իսկ անցանկալիներին թոշակի են քշում 65 տարեկանից հետո։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ գիտության ոլորտի պաշտոնյաները բոլոր պաշտոնները մենաշնորհում են։ Ազգային ակադեմիայում գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը կարող է միաժամանակ համալսարանում ամբիոն կամ ֆակուլտետ ղեկավարել։ «Նրանք միաժամանակ մի քանի պաշտոն են զավթում եւ մյուսներին ոչինչ չեն թողնում։ Սա իսկական դեդովշչինա է»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Ի պատասխան կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ շարունակում է համալսարանում դասախոսություններ կարդալ, սակայն անցել է ժամավճարի։ «Ես անգամ հաստիքի քառորդ մասը չեմ հավաքում»,- հավելեց նա։











