Հայաստանում արտասահմանցի ուսանողներին դիպլոմների վաճառքի գործը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պատժվեն։ Այս մասին հուլիսի 3-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ոչ մեկն իրավունք չունի երկրի կրթական համակարգի նկատմամբ վստահությունը խաթարելու։ Եթե ապացուցվի, որ ինչ-որ մեկը դիպլոմներ է վաճառել, ապա այդ բուհի լիցենզիան ետ կվերցվի։ «Իսկ եթե ապացուցվի, որ պետական բուհ է ներգրավված, այնտեղ ղեկավար կազմն արմատապես կփոխվի»,- հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմել էր Կրթության եւ գիտության նախարարությանը՝ կապված նշված թերությունները վերացնելու հետ։ ԱԱԾ տեղեկություններով՝ մասնավոր բուհերն ընդհանուր առմամբ կեղծ դիպլոմներ էին տրամադրել 20 քաղաքացիների՝ 2 դիպլոմ ՀՀ քաղաքացու, 1՝ Իրանի քաղաքացու, 8՝ ԱՄՆ քաղաքացու, 2՝ ՌԴ քաղաքացու, 1՝ Ուզբեկստանի քաղաքացու, 1՝ Իսրայելի քաղաքացու, 5՝ Վրաստանի քաղաքացու։