Հայաստանում թվային ոլորտի ամբողջ քաղաքականությունը կարգավորող մեկ կենտրոն պետք է լինի։ Այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետի խոսքով՝ կառավարության 5-ամյա նախագծի համաձայն, հստակ ժամկետներում մի շարք միջոցառումներ են սահմանվել, որոնք ելնում են թվային օրակարգից՝ ներառյալ թվային ռազմավարության եւ գործողությունների ծրագրի ընդունումը պետական ու մասնավոր հատվածի համագործակցության պարագայում։
«Թվային օրակարգի շրջանակում արդեն ձեւավորվել է Թվային զարգացման աջակցության խորհուրդը։ Մշակման փուլում է միասնական թվային միջավայրի իրացման ծրագիրը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձն ու ներկա իրադարձությունները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային տեխնոլոգիայի իրացումը պահանջում է միասնական, համակարգված մոտեցում»,- ընդգծեց Կարապետյանը։
Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում ներկայացնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգի իրացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձեւավորման համար անհրաժեշտ առաջարկությունների փաթեթ՝ ներառյալ իրավական ակտի համապատասխան նախագիծը։
«Մենք պետք է մեկ կենտրոն ունենանք, որը կկարգավորի մեր ամբողջ քաղաքականությունը»,- հավելեց Կարեն Կարապետյանը։











