Լուսանկարիչ Գրանտ Աթքինսոնը տեսագրել է փղիկին ծնվելու առաջին իսկ րոպեներին։ «Մենք հանդիպեցինք այդ երկու փղերին, երբ էգ փիղը հենց նոր էր ծննդաբերել։ Նորածին փղիկը ուզում էր կանգնել ու առաջին քայլերն անել»։ Կադրերում երևում է, թե ինչպես է փղիկը փորձում հենվել ոտքերին, սակայն անընդհատ ընկնում է, քանի որ դեռ թույլ է։ Այդ ժամանակ նրան օգնության է գալիս մայրը։ Նա կնճիթով պահում է փոքրիկին ու վերջինը մի քանի վայրկյանով կանգնում է, հետո նորից ընկնում, հայտնում է Geo-ն։

Փղիկները ոտքի են կանգնում ծնվելուց մի քանի ժամ հետո։ Մի քանի օրից նրանք արդեն կարողանում են քայլել մյուս մեծահասակ փղերի հետ, կնճիթով բռնվելով մոր կամ ավագ քրոջ պոչից։

Կադրերում երևում է, որ մայր փիղը ձագի վրա փոշի ու հող է լցնում, որպեսզի չորացնի նորածնի կաշին ու նրա հոտը քողարկի խոշոր գիշատիչներից։