Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում կարող էր տեղի ունենալ ժամանակակից ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը։ Կարգավարներին հաջողվել է կանխել 5 ինքնաթիռի բախումը, հաղորդում է CBC հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը։ Վայրէջքի ժամանակ Տորոնտոյից ժամանած Air Canada ավիաընկերության օդանավը սխալմամբ ուղեւորվել է ոչ թե դեպի թռիչքուղի, այլ դեպի քարշակման ճանապարհ, որտեղ այդ պահին 4 օդանավ է եղել։
Կարգավարները կարողացել են ժամանակին կանգնեցնել օդաչուին։ Երկրորդ փորձի ժամանակ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ոչ ոք չի տուժել։
Նշվում է, որ չկանխվելու պարագայում այն կդառնար պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը։
Օդանավակայանի վարչակազմն ու իշխանությունները հետաքննում են միջադեպի մանրամասները։











