Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Երեւանում մոր ընկերոջ կողմից 5-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի մասին:

Դեպքի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել փոքրիկի հայրը՝ հայտնելով, որ այդ մասին 5-ամյա երեխան է իրեն այդ մասին պատմել: Ոստիկանները պարզել են, որ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել նրա մոր ընկերը՝ Վարդան Սիմոնյանը: Նա օրերս բերման է ենթարկվել ոստիկանություն ու տվել խոստովանական ցուցմունք:

Տղամարդը պատմել է, թե ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ չի գիտակցել՝ ինչ է անում:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ ավելի վաղ մանրամասներ էր հայտնել նաեւ Քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ 5-ամյա փոքրիկն իր մոր հետ օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ը հյուրընկալվել է վերջինիս ընկերոջ՝ 35-ամյա տղամարդու տանը՝ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։

Երեխայի մայրը երբեմն բացակայել է տանից եւ փոքրիկին թողել 35-ամյա տղամարդու խնամքին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ օգտվելով երեխայի հետ միայնակ մնալու հանգամանքից՝ տղամարդը պարբերաբար մանկահասակ երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Փոքրիկը ճանաչվել է տուժող, իսկ հայրը՝ տուժողի ներկայացուցիչ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: