Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին,  մեկնարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորների եւ դատախազի մասնակցությամբ կաշառք վերցնելու գործով առաջին նիստը: Այս գործով ամբաստանյալներն են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սեւակ Շհոյանը եւ քաղաքացիներ Կարեն Մարտիկյանը, Հայկ Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Կամո Գալստյանը, Էդվարդ Չինարյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանը, Վրույր Վարդանյանը, Լաուրա Մարտիրոսյանը:  Ամբաստանյալների պաշտպանները նիստը տեսանկարահանելն արգելելու մասին միջնորդություն ներկայացրին, որը  դատարանը բավարարեց:

Նիստի մեկնարկին Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը դատախազ Դավիթ Կարապետյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչին միացան մյուս պաշտպանները: Նրա պնդմամբ՝ քրեական գործում առկա է փաստաթուղթ, ըստ որի նախաքննության փուլում լինելով վերահսկող դատախազ՝ Դավիթ Կարապետյանը գաղտնալսել է փաստաբանի եւ իր պաշտպանյալի կոնֆիդենցիալ զրույցը եւ փորձել ազդել նախաքննութան վրա: Դատախազ Դավիթ Կարապետյանը բավականին էմոցիոնալ փորձեց պաշտպանվել, ինչի կապակցությամբ դատավորը ստիպված եղավ հորդորել, որ առանց էմոցիաների հայտնի ասելիքը: Դատախազն իր հերթին հայտարարեց, որ իրեն լիազորել է նիստին մասնակցել որպես մեղադրող ՀՀ գլխավոր դատախազը եւ իր մանսակցության վերաբերյալ որեւէ խոչընդոտ չկա: Իսկ ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքին, ասաց. «Պաշտպանը, որը ներկայացել էր Կամո Գալստյանի շահերը ներկայացնելու համար, քրեական գործի քննության շրջանակում իր պաշտպանյալին հորդորել է, որ ճշմարիտ ցուցմունք չտա, այլապես կհրաժարվի շահերի պաշտպանություն իրականացնելուց: Այս պայմաններում քննիչն ընդամնեը այս հանգամանքը արձանագրել է, որը բխել է օրենքի տառից»:

Դատախազին հայտնած ինքնաբացրկի միջնորդության վերաբերյալ դատավորը որոշումը կհրապարակի վաղը՝ նոյեմբերի 9-ին:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: