Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի սեփական տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 4-ամյա փոքրիկի մահվան մասին լուրը բոլորին էր ցնցել:
Դեպքից կարճ ժամանակ անց սկսեցին տարբեր լուրեր շրջանառվել այն մասին, թե մայրն անտարբեր է գտնվել երեխայի նկատմամբ, բազմիցս նրան մենակ է թողել ու զբաղվում է մուրացկանությամբ:
Այսօր՝ դեպքից մեկ ամիս անց Նաիրան՝ մահացած փոքրիկի մայրը, չարաբաստիկ օրվանից մանրամասներ է պատմում:
Վանաձորի մթերային շուկայում ամենածանր աշխատանքները կատարող կինը արցունքն աչքերին ասում է՝ երեխաներից ամենաշատը փոքր Էմիլին էր սիրում ու չի հավատում, որ նա էլ չկա:
«Ամեն իրիկուն որ գործից տուն էի գնում, երեխեն պատուհանի մոտ կանգնած միշտ ինձ դիմավորում էր: Էդ օրը պատուհանի մոտ կրակ ու ծուխ էր երեւում»,- հիշում է Նաիրան:











