Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ նախնական տվյալներով, Բաթումիում հինգ աստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան: Զոհվել է չորս մարդ, հաղորդում է «Նովոստի-Վրաստան» թերթը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հյուրանոցում գտնվող տուժած քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց, ինչպես նաեւ երեք հրշեջ-փրկարարներ, որոնք նույնպես բժշկական օգնության կարիք են  ունեցել:

Բաթումիի հրդեհի պատճառով ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ Առողջապահության փոխնախարար Զազա Սոպրոմաձեն արդեն ուղեւորվել են Բաթումի:

Նախնական տվյալներով՝ հրդեհն առաջացել է հյուրանոցի շենքի վերեւի հատվածում: Ուժեղ ծուխը բարդացնում է քաղաքացիների տարհանումը:

«Իրավապահ մարմինները պաշտպանում են հյուրանոցի շրջակայքը: Ներկա պահին շենքում բաց հրդեհային օջախներ չկան», - ասել են ՆԳՆ-ից:

 

Ներկա պահին կրակը մարվել է, բայց շենքի ներսում ծուխը պահպանվում է: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները չեն բացառում, որ հյուրանոցում դեռ կարող են մարդիկ լինել:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: