ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւանի փողոցներից մեկում քաղաքացու ուսապարկից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, նույնականացման եւ բանկային քարտեր: Պարզվել է, որ գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված սեւ մազերով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:











